Իլյան 3 օր շապիկով կապել էր վիրավոր ուսն ու շարունակել կռվել. Ճանաչենք մեր քաջ ՀԱՅՈՐԴՈՒՆ

44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Իլյա Հակոբյանն Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից էր: Նա ծառայում էր Հադրութի զորամասում, երբ սկսվեց պատերազմը:

«Պատերազմը սկսվելուց ութ օր անց զանգեց։ Ուշ-ուշ էր զանգում՝ հիմնականում չորս օրը մեկը։ Ասում էր՝ ամեն բան նորմալ է։ Նոյեմբերի 6-ին Իլյան վիրավորվել էր Շուշիում՝ գազալցակայանի պայթյունի արդյունքում։ Բայց մեզ ոչինչ չէր ասել ու շարունակել էր մարտը։ Շապիկով կապել էր վիրավոր ուսն ու շարունակել կռվել մինչև նոյեմբերի 9-ը․․․»,- նշեց Իլյայի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը:

Իլյան զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում՝ դիպուկահարի կրակոցից: Ընտանիքն Իլյային գտել է նոյեմբերի 14-ին:

ilya

«Իմ կարծիքով՝ մեր տղաներին տարել են հանձված Շուշի, որպեսզի մեր երեխաներին շրջափակման մեջ թողնեն, ու Շուշիի առեղծվածային պատմությունը չբացահայտվի։ Մեր տղաներին թիկունքից հարվածել են՝ բերդաքաղաքի դռները ներսից են բացելով»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:

2020 թվականին Իլյան ընդունվել էր Իլյան ընդունվել էր Արցախի պետական համալսարանի Վոլեյբոլի բաժինը:

Քույրը պատմում է, որ Իլյան շատ նպատակներ ուներ: Համալսարանն ավարտելուց հետո նպատակ ուներ գյուղում վոլեյբոլի դպրոց բացելու և երեխաներին մարզելու: Բանակից վերադառնալուց հետո ցանկանում էր իր ճաշակով նորոգել իրենց տունը: Իլյան շատ կապված էր իր գյուղի ու տան հետ: Պատերազմի ընթացքում իրենց տունը հիմնահատակ ավերվեց, բայց Իլյան չգիտեր այդ մասին:

Այժմ Իլյայի ընտանիքն ապրում է Հրազդանում մինչև Արցախում գտնվող նրանց տունը կնորոգվի:

Աբովյանի «Երեխաների աջակցության կենտրոնում» տեղի ունեցավ Իլյայի հիշատակին նվիրված միջոցառում, որի վերջում գնդապետ Աղաբեկ Խաչատրյանը նրա ծնողներին հանձնեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից Հայրենիքի պաշտպանության համար «Արցախ»  շքանշանը: