Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին. քառասունչորսօրյա պատերազմի հերոսի հուշերը

Նա վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 9-ի երեկոյան։ Հաջորդ օրը հայտարարվեց հրադադար, որն այդպես էլ չգործեց… Եվ նա այլևս չզանգեց։ Հավերժ հերոս դառնալու լուրը ընտանիքին հասավ հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան։ Իր ինը ընկերների հետ զոհվեց հրադադարի օրը անօդաչուի հարվածից։ Մի քանի օր անց նրա ծնողներին հաջողվեց ձեռք բերել հերոսի անձնական իրերը, նաև նոթատետրը, որտեղ գրառումներ էր արել պատերազմի, իր ապրումների ու զգացածի մասին։ Ծնողների նվիրական նպատակն է՝ հավաքել Շանթի բոլոր գրառումները և հրատարակել։ Այո, Շանթի, Շանթ Նավոյանի, ով սովորում էր Ֆրանսիական համալսարանում ու ուներ անչափ սուր, բայց համով հումոր։ Խելացի, ազատատենչ, արվեստը գնահատող ու ինքնատիպ նկարագրող երիտասարդը 2020թ. հունվարի 8-ին զորակոչվեց ծառայության։ Վիճակահանությունից պարզ դարձավ, որ պիտի ծառայի Կապանում, սակայն Կապանի գունդը տարին երկու անգամ ուսումնական հավաքներ էր անցկացնում Մեխակավանում (Ջաբրայիլում)։ Շանթը, ով ամիսներ անց Հետմահու պիտի պարգևատրվեր Մարտական ծառայության մեդալով, սեպտեմբերին մեկնեց այնտեղ…

Ձեզ ենք ներկայացնում Շանթի պատերազմի օրերի գրառումներից հատվածներ։

soldier

3-րդ օրն էր։ Արագ տեղափոխվեցինք հիմնական կկ ու սկսեցինք արկեր իջացնել կրակելու համար։ 80 կգ արկերը իջացնելու աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին մեքենայից արկ իջացնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշքն ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր: Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են… 4-ն էլ լավ էին: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար, արկը ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել: Հիմա նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից… Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին:

Հերթը մերն էր, հավաքվեցինք ու սկսեցինք կրակել։ 20 րոպեում մոտ 40 արկ կրակեցինք, կապով ասեցին, որ 3 շարասյուն տանկ ենք խոցել։ Առաջադրանքը կատարված էր, բայց սովը, քնելու ցանկությունը ու մկանների հոգնածությունը խանգարում էին ուրախանալ։ Գնացինք նուռ հավաքելու ու ամբողջ կգ-ներով նուռ խժռեցինք։ Գիշերեց, տեղավորվեցինք թաքստոցում, բայց քունը տևեց կես ժամ, որովհետև սկսեցին գիշերային հրաձգության խնդիր իջացնել։ Առանց դադարի կրակեցինք մինչև լուսաբաց։

Նոր օրը սկսվեց հանգիստ, սովն ու ծարավը հագեցնող նուռը վերջանալու վրա էր, բայց, բարեբախտաբար, ցերեկը մեզ ուտելիք ու ջուր հասցրին։ Ուժերը վերականգնվեցին, ու պատերազմը սկսեց անցնել նոր շնչով։ Երեկոյան նորից սկսեցին կարկուտ թափել գլխներիս վրա, բայց ոչ մի արկ անպատասխան չէր մնում, բոլորս մոռացել էինք թաքստոցի գոյության մասին ու մեզ մեկ էր… մեր խրամատի 4 կողմը թնդացող պայթյուններից, կրակելու ընթացքում մեր հրանոթը խափանվեց, ստիպված էինք արդեն լիցքավորված, մեզնից ծան՛ արկերը վազացնել մյուս հրանոթի մոտ։ Ու սկսեցինք գիշերով, մութ մարտադաշտում վազել մի փոսից մյուսը։ Պայթյունները տեղ-տեղ լուսավորում էին ճամփան։ Ցավերի հանդեպ անտարբեր դառած տանում էի արդեն 5-րդ արկը, ու վայրկյանական ծանր ալիքից հետ շպրտվեցի գետնին, արկը պայթեց ինձանից 10մ հեռու, մի մատնաչափ բեկոր վաստակեցի ձախ ծնկիս վերևում։ Աստված հետս էր, բեկորը փոքր էր, թեթև, ու բանալիս հարվածի կեսը վերցրեց իր վրա, թեթև քերծվածք ստացա ուղղակի։ Գիշերը լուսացրինք՝ անդադար կրակելով։