Հայաստանի հրաշքները. ԿԱՏԱՐՈ ՎԱՆՔԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ, որն արժե իմանալ

4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը:

Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի  Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը  պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնել է, կայծակի  սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:

Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:

Կատարո վանքի մասին առաջին անգամ գրել է Փավստոս Բուզանդը «Պատմություն Հայոցը» աշխատության մեջ։ Ըստ նրան 335 թվականին պարսից արքան հրամայում է մազքթաց արքա Սանեսանին հավաքել Աղվանք երկրի կիսավայրի ցեղերին և հարձակվել հայոց աշխարհի վրա։ Սանեսանը հարձակվում է վանքում այդ պահին գտնվող իր 3 որդու և 3870 ճգնավորների վրա, կոտորում նրանց։

Հետո դիզում է նրանց դիակները լեռան կատարին և այրում։ Այստեղից էլ լեռան անունը կոչվում է Դիզափայտ։ Հայտնի է, որ հետագայում Կատարո վանքը և մոտակա մատուռ-վկայարանները վառվել են թշնամու կողմից։

Վանքը միանավ բազիլիկա է՝ կառուցված կիսամշակ տեղական կրաքարով։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները՝ արևելյան և հարավային կողմերից։ Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ. տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է, ըստ էության, 19-րդ դարում։ Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերում է 17-րդ դարին։ Եկեղեցուց հարավ կից շինություն է, որի ստորին լեռնալանջին պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ: