20-ամյա Սամոն միայնակ պահել է ամբողջ ճակատը, որ մնացածը կարողանան անվնաս նահանջել. Կարդացեք հերոսի սխրանքների մասին

20-ամյա Սամո Ղազարյանը զորամասում ծաղկամանով ծաղիկ էր աճեցրել, որպեսզի զորացրվելուց իր հետ տուն բերեր, պատերազմի ժամանակ ծառայակից ընկերներին ասել էր․ 

«Տղե՛րք, եթե իմ հետ մի բան պատահի, խնդրում եմ՝ էս ծաղիկը հասցնեք մորս»,- հուզմունքով պատմում է 43-ամյա Անուշ Հովսեփյանը ու ավելացնում, որ որդու զոհվելուց հետո այդպես էլ եղավ․ «Ծաղիկը ընկերները բերեցին, ծաղիկն անվանել էր Մոր սիրտ»։

mor sirty

Սամո Ղազարյանը ժամկետային զինծառայող էր՝ սերժանտ, ծառայել է Ստեփանակերտում, երբ սկսվեց Արցախյան պատերազմը։

Մայրն ասում է՝ տղան հեռախոսով խոսելիս մշտապես հանգիստ ու խաղաղ ձայնով էր խոսում, ու երբեք իր մտքով չէր անցնի, որ տղան թեժ կետերում է լինում ու կռվում հակառակորդի դեմ։

Նոյեմբերի 1-ին երեկոյան որդին զանգում է մորն ու ասում, որ գնում է հանգստանալու, մի փոքր քնելու, քանի որ գիշերը պետք է դիրքում հերթապահեր: Բարի գիշեր է մաղթում մորն ու անջատում հեռախոսը․ «Ամբողջ ծառայության ընթացքում մինչև ինքը չզանգեր, բարի գիշեր չմաղթեր, չասեր՝ վաղը կզանգեմ, չէր քնի: Ուզում ա՝ գիշերվա մեկը լիներ, գիտեր, որ ես սպասում եմ զանգին։ Էդ էլ իրա հերթական զանգն էր, ասեց՝ բարի գիշեր, վաղը կզանգեմ… ու չզանգեց․․․»- պատմում է մայրը ու հուզվում։

«Իր հետ ծառայող ընկերներն են պատմել, որ հեռադիտակը վերցրել է, նայել կողքերը, որ ստուգի տարածքը՝ մաքո՞ւր ա, թե՞ չէ, որ պոստը հանձնի, ու էդ ժամանակ տեսել ա, որ չորս կողմից սև շորերով մոտենում են պոստին:

Տղաս հետի կանգնած զինվորին ասել ա՝ գնա արթնացրու, քնած են կոմբատն ու երեք զինվորը, ասա, որ հարձակում կա։ Էդ ընթացքում որ իր ծառայակից ընկերը գնացել ա,  ինքը երեք անգամ կապ ա տվել կոմբատին, որ հարձակում ա, մոտենում են, պատասխան չի եղել, քնած ա եղել։

arityan medal

Հարձակում ա եղել, իմ տղան կարողացել ա պահի էդ ամբողջ ճակատը, որպեսզի մնացածը կարողանան անվնաս նահանջել»։

Մոր խոսքով՝ որդին միայնակ է կռվել, զինակից ընկերների հետ պայմանավորվել են, որ ինքը ճակատը պահի, իրենք բլուրն անցնեն, հետո իրենք կպահեն, Սամոն կանցնի։

«Դիրքավորման ժամանակ 5 թուրք զինվորի հատիկ-հատիկ կրակոցով խփել ա, երեխեքը տեսել են։ Թուրքերը հասկացել են, որ դիմադրություն կա, մի պահ դադար են տվել, իրենց զենքն են փոխել, երեխեքը փախել են։ 

Հետո թուրքերը սկսել են մինամյոտով կրակել: Իմ տղեն երևի հենց մինամյոտից ա մահացու վիրավորում ստացել։ Կոմբատն էդպես պատմեց՝ բլուրն անցնելուց հետո փոշի դուրս եկավ, մենք էլ չտեսանք»,- հուզմունքով նշում է մայրը, որ դեպքից հետո որդին Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

hamazgest

Մայրն ասում է՝ չէր սպասում, որ նման դժբախտություն կպատահի իրենց հետ։ Երբ տղան հաջորդ օրն առավոտյան չի զանգում, մոր սիրտն արդեն վախ ու կասկած են մտնում:

Ասում է՝ հնարավոր չէր, որ որդին ողջ լիներ ու կապ չհաստատեր։

Որդուն նկարագրելիս մայրն ասում է՝ շատ համեստ էր, զուսպ ու մաքրասեր: Ընտանիքի միակ տղան էր, չափից դուրս արտոնություններ ուներ, բայց երբեք առիթից չէր օգտվում: Դժվարանում էր նույնիսկ հայրիկից գումար խնդրել:

Մայրն ասում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլն իր տարերքն էր։ Հիշում է՝ ամուսնու ընկերներից մեկը Սամոյին Դուբայից ֆուտբոլիստի մարզաշապիկ էր ուղարկել, բայց տղան այդպես էլ դա չհագավ։ 

Անհաղթահարելի ցավ է որդուն կորցնելը, սակայն Անուշը փորձում է ցավը իր մեջ թաքցնել, քանի որ գիտի՝ որդուն դուր չէր գա, եթե ինքն ընկճված ու կոտրված լինի։