7-ամյա հայորդին գերի ընկնելուց փորձել է հանել թուրքի աչքը և փրկվել թշնամուց. պատմություն, որ բոլորը պետք է իմանան

«Սեփական հողում կռվող զինվորն անպարտելի է. նա իր Տունն է պահում: Կոռնիձորում նախկին պատերազմի ժամանակ 7 տարեկան տղային ադրբեջանցին մեջքին շալակած գողացել, գերի էր տանում, երբ տղան թուրքի մեջքի կողմից մատները մտցրել, աչքերը խառնել ու հանել է: Թուրքը ոռնալով երեխային վայր է գցել ու փախչել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Հասմիկ Բաբաջանյանը:

Պատմությունը, թերևս, լավագույնս է բնութագրում ՀԱՅԻ անպարտելի ոգին, մարտնչող և չհանձնվող տեսակը, ու կապ չունի երեխա, թե հասուն մարդ, բավական է ՀԱՅ լինելը:

«Հիմա այդ ոնց է ստացվել, որ թուրքը մեր հողում գերի է վերցնում մեր տղաներին: Նախկինում հայը
գերադասում էր մահը, քան թուրքին գերի ընկնելը: Այդ ոնց եղավ, որ հիմա թուրքին գերի ընկնելը փրկություն է համարվում»:

Մի քանի ժամ անց լրագրողը նորից հրապարակում է անում.

«Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին: Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գերի ընկնող չեն, գերի ընկնելու իրական պատճառը որոնեք: Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ՝
— Բարև Ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ, իլալ, բա տու՞ հուվ ես:
— Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի:

Սիրտս մի տեսակ թեթևացավ, որովհետև մեզ հետ, մեր կողքին ապրում են այն արծիվները, ովքեր բացելու են թևերը ու մեր ջնջխված հաղթանակը ետ բերեն: Մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը:

Հ.Գ. Ու գիտե՞ք որն էր ցնցողը: Երեխայի, իսկ այժմ հզոր երիտասարդի անունը Վրեժ է: Իսկ նրա հայրը, ինչպես գյուղում են անվանում, «կամանձիր հսկան է»: