Ո՞վ է այն հայուհին, ով փրկեց խաչակիր ասպետի կյանքը և դարձավ Երուսաղեմի թագուհին

Մորֆիան Գաբրիել անունով հայ իշխանի՝ Մալաթիայի հայկական իշխանության կառավարչի դուստրն էր: Նա ամուսնացավ խաչակիր ասպետ Բալդուին II-ի հետ, ով հետագայում՝ 1100 թվականին, դարձավ Եդեսիայի կոմս:

Մորֆիան ու Բալդուինը չորս դուստր ունեին՝ Մելիսենդան, Ալիսան, Հոդերնան և Յովետան: Ընտանիքն ապրում էր Եդեսիայում մինչև 1118 թվականը, երբ Մորֆիայի ամուսինը Երուսաղեմի արքա դարձավ՝ Բալուին I Բուլյոնցու մահից հետո:

Ասում են, որ Բալդուին II-ը շատ է սիրել իր կնոջը ու որպես սիրո արտահայտում՝ իր թագադրման օրը տեղափոխել է 1119 թ. Զատկի օրը, որպեսզի Մորֆիան ու դուստրերը կարողանային Երուսաղեմ հասնել, և որպեսզի Մորֆիան, նրա կողքին կանգնած, թագուհի թագադրվեր:

Հայուհին չէր խառնվում Երուսաղեմի առօրյա քաղաքականությանը, սակայն անհրաժետության դեպքում  պատասխանատվությունը վերցնում էր իր ուսերին և առաջնորդում ժողովրդին:

Երբ Բալդուինը 1123 թ. արշավի ժամանակ գերի ընկավ, Մորֆիան հայերի հատուկ խումբ կազմեց, որպեսզի նրանց միջոցով տեղեկանա՝ որտեղ է ամուսինը գերության մեջ: 1124 թ. Մորֆիան ինքնուրույն բանակցությունների մեջ մտավ Բալդուինին առևանգածների հետ՝ վերջինիս ազատելու պահանջով:

Արդյունքում Բալդուինն ու մյուս ազնվականները փրկվեցին 50 հայ զինվորների կողմից, որոնք վաճառականների տեսք էին ընդունել ու ներխուժել էին ամրոց, որտեղ գերիներն էին պահվում: Նրանք սպանել էին պահակներին ու ազատել գերիներին:

Մորֆիան մահացավ 1126 թ. հոկտեմբերի 1-ին կամ 1127-ին, և թաղվեց Սուրբ Մարիամ աբբայությունում, որը Երուսաղեմին մոտ է գտնվում: