Հերոս Դավիթը խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա. Որդեկորույս մայրը հուզմունքով է խոսում որդու սխրանքների մասին

«Դավիթը որ երկու օր չզանգեց, ես սկսեցի մարել, օր օրի մարում էի, շատ-շատերն արդեն իմացել էին, ինձ չէին ասում»,- հուզմունքով պատմում է «Արցախի հերոս» բարձր կոչմանն արժանացած և հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված 20-ամյա Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Սուսան Ավագյանը։ 

Դավիթը 44-օրյա պատերազմի ժամանակ Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, որի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ 

Մայրը՝ Սուսան Ավագյանը, ասում է, որ պատահաբար Ֆեյսբուքից է տեղեկացել, որ որդին կոչման է արժանացել։ Տղան իրեն հատուկ զսպվածությամբ և համեստությամբ ընտանիքի անդամներին չէր տեղեկացրել ո՛չ առաջնագծում լինելու, ո՛չ խոցած տանկերի, ո՛չ էլ ստացած կոչման մասին։

mayr u vordi

«Հոկտեմբերի 4-ին որ ասեցին Դավիթը Արցախի հերոսի կոչում է ստացել, ես էդ պահին զգացի կորցնելու վախը, ինձ թվում էր՝ պետք է ասեն հետմահու, բայց ասեցին՝ շարունակում ա ծառայությունը։

Մի փոքր հանգստացա, բայց էդ պահից հասկացա, որ ինքն առաջնագծում ա ու շատ թեժ կետերում ա։ Իրիկունը Դավիթս զանգեց, մեր տանն էնքան մարդ կար, ասեցի՝ իմ հերո՜ս բալա… Իրա բնավորության համաձայն՝ հանգիստ ասեց՝ մա՛մ, լսե՞լ ես, ասեցի՝ լսել եմ, ամբողջ Հայաստանը մեր տուն ա եկել, ասեց՝ մա՛մ, լավ, վերջացրե՛ք, իմ գործն ա՝ արել եմ»։

20-ամյա Դավիթը կոչումը ստանալուց հետո ևս մեկ ամիս եղել է թեժ կետերում, պայքար մղել հակառակորդի դեմ, նոյեմբերի 2-ին զոհվել «Բայրաքթարի» հարվածից։

Որդու զոհվելու մասին իմանալուց հետո մայրն ասում է՝ կյանքը կանգ է առել․ «Դրանից հետո էլ ի՞նչ կյանք, կյանք չկար»։

Դավիթ Գրիգորյանը ընտանիքի միակ որդին էր, շատ մեծ կարևորություն էր տալիս կրթությանը, մոր խոսքով՝ որդին յուրաքանչյուր վայրկյանն օգտագործում էր կրթության համար։ Շատ լավ տիրապետում էր բոլոր առարկաներին, դպրոցում սովորելիս ստացել է գովասանագրեր՝ գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ 

Դավիթը հետաքրքրություն և մեծ սեր ուներ նաև տարբեր մարզաձևերի հանդեպ, մասնակցել է մրցումների և գրավել պատվավոր տեղեր։ Նա նաև սիրում էր շախմատը, և այդ ոլորտում ևս բազմաթիվ ձեռքբերումներ ուներ: Մոր խոսքով՝ Դավիթը նաև չափից դուրս պատասխանատու էր և ամեն ինչ անում էր, որ երբեք չհիասթափեցնի:

Մայրն անընդհատ ապրում է Դավիթի մասին հուշերով, ասում է՝ լուսանկարներ ու ալբոմներ չի թերթում, ամեն վայրկյանը, յուրաքանչյուրը պահը շարունակ աչքի առաջ են։

«Իրա ծնված օրվանից ամեն օրը՝ 24 ժամ, ֆիլմի պես անցնում ա աչքիս առաջով։ Ամեն վայրկյան զգում եմ իր ներկայությունը, երբ գնում եմ անկյունի մոտ, ասում եմ՝ ի՞նչ եմ եկել, էստեղ կանգնել, ինքն իմ մոտ ա»,- ասում է մայրը։

Սուսանն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը գլխիվայր շրջվել է, ապրելու ուժ երևի հենց որդին է տալիս։ 

«Ասում են՝ պիտի ապրես Դավի համար, ես նաև երկու աղջիկ ունեմ, երևի Դավիթն ինքն ա ինձ ուժ տալիս, ինքը չէր սիրում, որ ես տխուր էի, լացում էի»,- կսկիծով ասում է մայրն ու լռում։