Մարզահամերգային համալիրի հրդեհի պատմությունը, Ի՞նչ էր կատարվում Երևանում այդ օրը
1984-ին հրդեհ բռնկվեց Մարզահամերգային համալիրի համերգային հատվածում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Չարագույժ հրդեհի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին ամբողջ Երևանում: Հարյուրավոր մարդիկ շտապում էին դեպի Ծիծեռնակաբերդի բլուր` Մարզահամերգայինը կրակի ճիրաններից փրկելու: Համալիրի հրդեհը մոտ 5 միլիոն դոլարի վնաս հասցրեց պետությանը, սակայն ավելի մեծ էր բարոյական վնասը: Ականատեսների հիշողության մեջ դեռ պահպանվել է այդ չարաբաստիկ օրը, երբ ողջ ժողովուրդը, հավաքված Ծիծեռնակաբերդում, հետևում էր հրշեջների աշխատանքին: Այնտեղ էր նաև հանրապետության ողջ ղեկավարությունը: Ականատեսները պատմում են, թե ինչպես էր արտասվում Կարեն Դեմիրճյանը:

Հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի բնակարանը գտնվում էր Կիեւյան փողոցի վրա՝ մարզահամերգային համալիրի հարեւանությամբ նա մի անգամ պատմել է, որ յուրաքանչյուր առավոտ անպայման պետք է դուրս գար պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում: Այդ առավոտ նա դուրս եկավ պատշգամբ եւ տեսավ Համալիրի շենքը՝ կրակով պատված: Անմիջապես վերցրեց ֆոտոխցիկն ու լուսանկարեց:

Հաղորդավաարուհին նաև պատմել է, որ հրդեհից հետո շատ քաղաքացիները՝ թոշակառուներ, երիտասարդներ, ուսանողներ, սկսեցին նամակներ ուղարկել, որտեղ հայտնում էին իրենց պատրաստակամությունը օգնել թե՛ գումարով, թե՛ աշխատանք կատարելով: Անձամբ ես կարդացել եմ մոտ 200 այդպիսի նամակ: Դրանք հնարավոր չէր ընթերցել առանց հուզվելու: Նամակներում մարդիկ պատրաստակամություն էին հայտնում Համալիրի վերականգնման աշխատանքների համար տրամադրել իրենց մեկ ամսվա ողջ ընտանեկան բյուջեն: Ամենաազդեցիկը այն թոշակառուների նամակներն էին, որոնք խնդրում էին չմերժել ու ընդունել մեկ, կամ մի քանի ամսվա թոշակը: