Ով է առաջին հայ վիպասանուհին

Սրբուհի Տյուսաբն առաջին հայ վիպասանուհին է: Ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքյոյ) թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է Միջագյուղի ֆրանսիական դպրոցում։ 1869 թ. մեկնել է Փարիզ, այնուհետև 1891 թ. վերադարձել է Կ. Պոլիս։ Բանաստեղծուհու կյանքում բեկումնային է եղել ծանոթությունը բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ, ումից Տյուսաբը հայերենի դասեր էր վերցնում։ Հետագայում նրանց միջև մտերմական սերտ կապերը վերաճել են զգացմունքների։

Մի շարք ուսումնասիրողներ անդրադարձել են բանաստեղծի անպատասխան սիրուն իր աշակերտուհու հանդեպ, որը երևում է նրա որոշ բանաստեղծություններում։ Ա. Շարուրյանի համոզմամբ, որոշ հիմքեր կան կարծելու, որ Սրբուհին նույնպես խոր և քնքուշ զգացմունքներ է ունեցել իր ուսուցչի հանդեպ։ Պեշիկթաշլյանի վաղաժամ մահվան բոթը ծնունդ է տվել «Ի հիշատակ պ. Մ. Պեշիկթաշլյանի» ողբերգին։ 

1870-ական թվականներին Սրբուհին ամուսնացել է իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար, «ամուսիններուն լավագույնը» Պոլ Տյուսաբի հետ, որը ժամանակագրի կողմից հիշվում է որպես բեյ, այնուհետև փաշա տիտղոսով և վարում էր արքունական երաժշտախմբի ղեկավարի պաշտոնը։

1887 թ. հետո քրոնիկական գլխացավերի պատճառով դադարում է զբաղվել գրական գործունեությամբ։ Հանգանակություններ է կատարում Դպրոցասեր տիկնանց ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, օժանդակում է Գալֆայան որբանոցին, այցելում մի շարք դպրոցներ։  Տյուսաբը մահացել է 1901 թ. հունվարի 3 (16)-ին՝ 60 տարեկան հասակում՝ քաղցկեղից: