Շնորհիվ իր կազմակերպած «Այո Անկախությանը» մեծ համերգի՝ նա մեծ ներդրում ունեցավ Հայաստանի անկախության ճանաչման գործում. ո՞վ է այս հայը

Խոսքը ժամանակակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանի մասին է:

Ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում:

 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, իսկ 1963-1964 թվականներին կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

1970-1975 թվականներին Ճգնավորյանը եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։

1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2010 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

Ճգնավորյանը գրել է 5 օպերա, որոնցից են «Աղավնու վանքը», «Ռոստամ և Զոհրաբ», «Փարդիս և Փարիսա» և այլն:

Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։

1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան և նշանակում է Թեհրանի Ռուդաքի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց մեծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։