Թուրքիայի առաջին կին լուսանկարչուհին հայ է. տեսեք, թե ում մասին է խոսքը

Մարիամ Շահինյանն առաջին լուսանկարչուհին է, որը Թուրքիայում գլխավորել է սեփական լուսանկարչատունը:

Մարիամ Շահինյանը ծնվել է Թուրքիայում, Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը: Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան, Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում՝ հիմնադրված 1877 թվականին։1915  թվականի Եղեռնից հետո 4 տարեկան Մարիամը Սամսունով փախել է  Ստամբուլ ՝ թողնելով սեփական տունը, 5 ալրագործարան և մեծաքանակ անշարժ գույք։ Այդ ծանր օրերին ընտանիքը հանգրվան գտավ Ստամբուլում, որտեղ պարտադրված հարմարվեց թուրքական հանրապետության առաջադրած նոր կենսակերպին ու օրենքներին։ 

Մարիամ Շահինյանի հայրը՝ Միհրանը, չափազանց հետաքրքրված էր լուսանկարչությամբ։ 1933 թվականին նա սկսում է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ 1936 թվականին Մարիամի մայրը՝ Տիգրանուհին, հանկարծակի մահանում է՝ թողնելով ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում։ Սրանով պայմանավորված՝ Մարիամը ստիպված թողնում է ֆրանսիական Sainte-Pulchérie դպրոցը և սկսում է հետևել հորը, որպեսզի օգնի ստուդիական գործերին։

1937 թվականին, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը, նա սկսում է ղեկավարել ստուդիան ինքնուրույն։ Մարիամ Շահինյանը ղեկավարում է ստուդիան մինչև 1985  թվականը։ Նա մահացել է 1996 թվականին Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը: թողել է մոտ 200 000 նկարներից բաղկացած ֆոտոարխիվ, համարվում է Թուրքիայում առաջին կին-լուսանկարիչը։ Տիրապետել է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և իտալերենի: