Կարինեն միայնակ էր որդուն մեծացրել, նրան խլեց չարաբաստիկ պատերազմը. Որդեկորույս մոր կյանքը զրոյացել է

«42 օր պայքար է մղել իմ Նարեկը։ Եղել ա Ֆիզուլիում, Կարմիր Շուկայում, Շուշիում, իմ բալայի աչքերն էնքան բան տեսան»,- արտասվելով ասում է 45-ամյա Կարինե Դավթյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն։

Նարեկ Դավթյանը ժամկետային զինծառայող է եղել, երկու ամիս էր՝ ինչ մեկնել էր ծառայության, երբ սկսվեց պատերազմը։ 

Կարինեն որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 7-ի առավոտյան որդին Շուշիում զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Ես չեմ էլ իմացել, որ Շուշիում ա, ինձ ասում էր՝ տեղափոխում են, ասում էի՝ ո՞ւր, բալե՛ս, ասում էր՝ չգիտեմ, ասում են՝ Ասկերան։ 3 օր կռիվ ա տվել Շուշիում։ ԱԹՍ-ի բեկորը հարվածել ա աչքին, գլխին։ Չէի պատկերացնում, որ իմ մոտ կարար տենց լիներ»։

narek karine

Դավթյանների ընտանիքը Նարեկից լուր չի ունեցել շուրջ 83 օր։ Մայրն ասում է՝ կարծում էին՝ որդին գերի է: «Որովհետև մեզ ասում էին՝ վիրավոր գերի են տարել Նարեկին, ինչ-որ ադրբեջանական էջից էին մեզ ասել, հետո էդ էջը փակվեց»,- պատմում է մայրը։

Հունվարին Դավթյանները տեղեկանում են, որ Նարեկը զոհվել է։ Կարինեն ասում է՝ այդ պահից կյանքը միանգամից զրոյացավ։

Նարեկը դպրոցն ավարտելուց հետո խոհարարությամբ էր զբաղվել, շուրջ մեկ տարի աշխատել, մայրն ասում է՝ որդին շատ աշխատասեր էր. «Մի վայրկյան ազատ չէր մնում, մրջյունի պես աշխատում էր։

Ասում էր՝ մա՛մ ջան, որ բանակից գամ, ես ինքս իմը կունենամ, հետն էլ կսովորեմ վարսավիրական։ Ինքը շատ էր սիրում վարսավիրությունը, ասում էր՝ ես պիտի լավ վարսավիր դառնամ»։

Նարեկը բարի էր, հարգանքով, իմ հանդեպ մշտապես շատ ուշադիր՝ ասում է Կարինեն։

Կարինեն ասում է՝ որդու կորստի հետ հաշտվել չի կարողանում, ցավը խորն է, կարոտը՝ անտանելի։

«Ես առանց Նարեկի չեմ կարողանում, զուտ ապրում եմ, թե չէ էս ապրել չի։ Մինչ էսօր էլ սպասում եմ, որ իմ բալեն պիտի գա։ Պահեցի, դարձրեցի 18 տարեկան, տարան մի րոպեում վերցրեցին երեխուս կյանքը, ո՞ւմ, ի՞նչ էին արել էս քյորփեքը»,- հուզվում է որդեկորույս մայրը։