Ճանաչենք մեր ՄԵԾԵՐԻՆ. «Դա Վինչիի ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ»

Իր կախարդական արվեստով զարմանալի ու առեղծվածային նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը հանգիստ կարող էր գեղանկարիչ չդառնալ. նրանց ընտանիքը սովորական, ոչ այնքան ունևոր երևանյան ընտանիք էր, որը հեռու էր արվեստից։ Սակայն 1937 թվականի մարտի չորրորդ օրն այդ տանը ծնվեց մի երեխա, որը պետք է դառնար հայ մեծագույն նկարիչներից մեկը։

Նա ուզում էր միայն նկարել սովորել։ Մնացած ամեն ինչի նա ոչ թե ընդունակ չէր, այլ բացարձակ հետաքրքրություն չուներ։ Ռուդոլֆ Խաչատրյանին բացառության կարգով շատ վաղ տարիքում Գեղարվեստի ուսումնարան ընդունեցին, սակայն նա այնտեղ երկար չսովորեց։ Նախ` տանել չէր կարողանում ոչ մի տեսակի թելադրանք, հետո էլ՝ ուսումնարանում դպրոցական ծրագրով էին նկարել սովորեցնում։

Ռուդոլֆի համար դա վաղուց անցած փուլ էր, ու անհետաքրքիր դարձավ։ Դրա համար էլ նրան հեռացրին ուսումնարանից, իսկ տանը հոր հետ մշտական վիճաբանություններ սկսվեցին։ Հայրը համբերությունը կորցնում էր միայն այն մտքից, որ որդին կարող է պորտաբույծ լինել։ Ռուդոլֆն օրեր շարունակ թափառում էր երևանյան փողոցներում կիսաինքնաշեն մոլբերտով ու ինչ-որ բան էր նկարում։

Այն ժամանակ արդեն նրան գրավում էին մարդկանց մարմիններն ու դեմքերը։ Ռուդոլֆն առանձնապես ուշադիր էր ծեր մարդկանց իմաստության ու տխրության նկատմամբ, փորձում էր հասկանալ՝ ինչպիսի կյանք են ապրել ու ինչ հասկանում էր՝ պատկերում էր։ Ասում են՝ մի անգամ Օպերայի շենքի մոտ աշխատելու ընթացքում նրան մոտեցավ Երվանդ Քոչարը։

Քոչարին, առանց չափազանցության, ամբողջ Երևան ու հանրապետության մնացած բնակիչների մեծ մասը դեմքով գիտեր։ Նրան դիմում էին ոչ թե անունով, այլ «Մաեստրո». և ահա մի անգամ Մաեստրոն մոտեցավ նկարող Ռուդոլֆին ու նրա մեջքի հետևում կանգնեց։

Տասնհինգամյա տղան տանել չէր կարողանում, երբ նկարելու ընթացքում նրան հետևից նայում էին, թեև ոչ ոք դա չի սիրում, հատկապես՝ այդպիսի պայթյունավտանգ տարիքում։ 1952 թվականին Քոչարն արդեն 53 տարեկան էր, բնականաբար, տղայի աչքերում նա ծերունի էր։ Ռուդոլֆը միանգամից «աքլորացավ», սակայն իմաստուն «ծերունին» նայում էր ոչ թե նրան, այլ նրա նկարին։ Մինչ Ռուդոլֆը սկսում էր հասկանալ՝ ով է նայում իր վարժություններին, Քոչարն ասաց, որ նա մոտակայքի իր արհեստանոց բերի բոլոր աշխատանքները, որքան որ կկարողանա։

Ռուդոլֆը բերեց։ Քոչարը երկար նայեց նկարներին, հետո հաղթական բացականչեց․ «Լեոնարդոյի ոգին ողջ է»։ Մաեստրոյի հիացմունքը շնորհալի երիտասարդի համար այդքան էլ հասկանալի չէր, քանի որ նա դեռ չգիտեր՝ Լեոնարդոն ով է, բայց որոշակի հպարտություն զգաց։

Ռուդոլֆ Խաչատրյանը դրանից հետո կես դարից ավելի ապրեց՝ ոչ միայն պատմության մեջ գրվելով, այլ կենդանի դասական դառնալով։ Քոչարի դպրոցը բարձրագույն ակադեմիա էր, նա ոչ մի անգամ չզղջաց, որ ժամանակին չավարտեց ուսումնարանը․ ի՞նչ կարող էր այն տալ։ Ռուդոլֆ Խաչատրյանն ինքնուս է, բայց լեզուս չի պտտվում ինքնուս անվանել այն նկարչին, որին դաստիարակել է Քոչարը։

Ինչպես և բոլորը, նա տարվեց մոդեռնիզմով, նրան գրավում էր կուբիզմը, հետո սյուրռեալիզմը։ Իսկ երբ հանդիպեց իր ապագա կնոջն ու որոշեց նրա դիմանկարը նկարել, բոլոր այդ «իզմերը» վայրկենապես չքացան, քանի որ նրանք կարող էին միայն պղծել սիրելի կնոջ մարմնի կենդանի գծերի ֆանտաստիկ կախարդանքը։5

…1995 թվականին ՄԱԿ-ի 50-ամյակն էր նշվում։ Ամենաարժեքավոր նվերներից մեկը Ռուդոլֆ Խաչատրյանի «Միավորում» նկարն էր, որը նվիրեց Հայաստանի Հանրապետությունը։