Գիտե՞ք թե ով է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի երաժշտության հեղինակը․ ծանոթանանք Ջենք Թաշքանի հետ

Ջենք Թաշքանը կամ նույն ինքը Մաժակ Թոշիկյանը ծնվել է Ստամբուլում 1947 թվականին՝ հայկական ընտանիքում։ Փոքր տարիքից երգել է․ սկզբից երգել է հայկական եկեղեցական երգչախմբում, ապա սկսել է հանդես գալ այլ խմբերում և այլ ոճով։ Սովորել է կիթառ նվագել և միացել է Յավուզ Օզիշիքի նվագախմբին որպես կիթառահար։ Արդեն բանակային ծառայության տարիներին սկսել է երգեր գրել։ Հետագայում համագործակցել է երգիչների և բանաստեղծների հետ, որոնք այդ երգերին կենդանություն են տվել։


Հակահայկական հալածանքներից խուսափելու համար Թոշիկյանը փոխում է իր անունն ու ազգանունը, դառնալով Ջենք Թաշքան։ 1980-ական թվականներին մեկնում է Կանադա, բայց շարունակում է ստեղծագործել։ Այստեղ էլ գրում է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը՝ Հովհաննես Շիրազի Մեծ եղեռնին նվիրված բանաստեղծության հիմքում։ Շատերս ենք լսել այս երգը, բայց ոչ բոլորս գիտեինք, որ երաժշտության հեղինակը Թուրքիայում ապրող մեր հայրենակիցն է։

Երաժիշտը ունի մոտ 3 տասնյակ հայերեն գրված երգեր, որոնցից շատերը Շիրազի ու Դանիել Վարուժանի բանաստեղծությունների հիման վրա են գրված ։ Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը կատարում է երգչուհի Սիբիլը, հայալեզու առաջին երգն էր, որը հնչեց թուրքական պետական հեռուստատեսության եթերում՝ 2010-ը թվականին: