«Գիտեմ՝ որդիս էլ չի գալու, բայց միշտ սպասելու եմ». Մայրը չգիտեր, որ իր 18-ամյա որդին մարտի դաշտում է

«Էս աշխարհում ինձ բաժին հասան սև գույնն ու կարոտը: Ցավ, որը երբեք չի բուժվի»,- հուզմունքով ասում է 46-ամյա Շողիկ Մկրտչյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 18-ամյա տղային։

Աբրահամ Սադոյանը երկու ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ, երբ պատերազմը սկսվեց։ Պատերազմի առաջին իսկ օրից Ջրականի թեժ կետերում մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին։ Սակայն մայրն ասում է, որ իրենք այդ մասին չեն իմացել։ Որդին մշտապես ասել է, թե Մեղրիում է, ամեն ինչ լավ է։

Աբրահամը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին, ասել է՝ տեղափոխում են ուրիշ դիրք, գուցե մի քանի օր չզանգի:

Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջրականում ԱԹՍ հարվածից՝ ստանալով բեկորային վնասվածքներ: 

Աբրահամ Սադոյանը հայրենիքի սահմանները  պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Մայրն ասում է՝ լուրը լսելիս չէր ցանկանում հավատալ իրողությանը, բայց չանցած մի քանի ժամ՝ որդու մարմինը բերեցին։

«Էդ պահից 180 աստիճան մեր կյանքը փոխվեց, դրանից հետո ամեն ինչ փոխվում ա, ոչ մի բանը առաջվանը չի լինում։ Դաժան իրականություն, դառնություն, որը երբեք չի անցնի»,- ասում է մայրն ու կրկին հուզվում։

Աբրահամը հանգիստ, հանդարտ բնավորություն ուներ, բարի էր, հարգալից, ազնիվ, ասում է մայրը։ Մինչ բանակ գնալը վարորդական դասընթացների է մասնակցել, որ բանակում մեքենա վարեր։ Մայրը նշում է՝ որդին պլաններ չէր կազմում, ասում էր՝ ծառայությունն ավարտելուց հետո կգա ու կորոշի՝ ինչպես կյանքը դասավորի։

Մայրն ասում է՝ որդու կորուստը չբուժվող ցավ է, այժմ ապրում է կարոտով ու ցավով։

Հիշում է՝ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 20-ին, որդին բանակից զանգել, շնորհավորել էր իր ծննդյան օրը, ասում է՝ շատ երջանիկ էր այդ օրը, ուրախ նշեց, իսկ այս տարի որդուց զանգ չստացավ:

«Ինձ համար չկային ավելի մեծ ուրախություն և նվեր, քան զինվոր բալիս զանգը բանակից։ Բայց էդ վերջին ծննդյանս տարեդարձն էր»,- նշում է Շողիկը ու կրկին հուզվում։

Շողիկը հուզմունքով հավելում է, որ մեկ տարի առաջ, երբ որդուն բանակ էր ճանապարհում, որդին խոստացավ հայրենիքի առաջ պարտքը կատարել և վերադառնալ․ «Բայց չեկավ… հավերժ մնաց հայրենիքին նվիրյալ կոչումով հերոս զինվոր, իսկ ես մնացի որպես հերոսի մայր, բայց էդ ինձ չի սփոփում,  քանի որ որդիս ինձ հետ չի, իմ արևը, իմ լույսը, իմ տան ճրագը։

Դառը ճշմարտություն է, որ գիտեմ՝ որդիս էլ չի գալու, բայց միշտ սպասելու եմ»։