Փարաջանովի հայտնի նկարի պատմությունը

Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964թ-֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։

Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։ Նա հաճախ էր տեսակցում որդու՝ Սուրենի հետ, ով բնակվում էր Կիևում և սովորում էր ճարտարապետական ինստիտուտում՝ զուգահեռաբար զբաղվելով մանր վաճառքով ու վերավաճառքով։ Սուրենի այս զբաղմունքը հաճախ էր դառնում վեճերի թեմա հոր և որդու միջև։  

Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը հայտնել է, որ լրացել է Փարաջանովի լեգենդար լուսանկարի 40-ամյակը, որի հիման վրա 2004 թվականին Թբիլիսիում բացվեց ռեժիսորի արձանը:

Յուրի Մեչիտովը ներկայացրել է 1981 թվականի մայիսի 15-ին արված լուսանկարի պատմությունը.

«Առավոտյան 11:00 էր, երբ այցելեցի Փարաջանովին: Նա հյուրընկալել էր «Լենֆիլմ» կինոստուդիայի երկու աշխատակցուհիների, որոնք զբաղվում էին «Նռան գույնը» ֆիլմի պատճենների տպագրությամբ:

Բոլորս միասին իջանք Արսենի փողոցի մոտ և  թեքվեցինք դեպի Թխինվալյան: Կարծում եմ, Փարաջանովն այդ մտահղացումը վաղուց ուներ: «Այստեղից բացվում է լավագույն տեսարան դեպի սուրբ Մտածմինդա սարը՝ հիանալի կադր կստացվի», — ասաց մաեստրոն ու ցույց տվեց այն կետը, որտեղից պետք է լուսանկարեի:

Սերգեյը հեռվում կանգնեցրեց «Լենֆիլմ»-ի աշխատակցուհիներին, իր համար տեղ ընտրեց և կարգադրեց նկարել: Մեկ էլ նա զարմանալի հեշտությամբ ցատկեց դեպի վեր՝ մեկ անգամ, երկու, երեք… Հենց երրորդ լուսանկարն էլ ամենահաջողը ստացվեց»:

Ֆելինին նրա մասին ասել է․ «Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն»։