Սյունիքում զոհված Արթուր Մարտիրոսյանը 44-օրյա պատերազմում վիրավորվել էր, ապա հիվանդանոցից փախել ու գնացել ռազմադաշտ
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։
23-ամյա Արթուրը ժամկետային ծառայությունից հետո մեկնել էր արտագնա աշխատանքի, ապա վերադարձել ու աշխատանքի անցել որպես պայմանագրային զինծառայող։ Արթուր Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր։

«Ընտանիքը վատ պայմաններում է ապրում։ Ընտանիքին պահելու համար մտել էր պայմանագրային զինծառայող էր աշխատում։ Ապրում էր ծնողների ու եղբոր հետ, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, ինքը տան փոքրն էր։ Արթուրը շատ ընտիր, ճարպիկ, խելոք, ամբողջ գյուղին հարեհաս տղա էր, իր մասին ամենալավն բաները կարող եմ ասել»,– ասաց Անտառամուտ համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը։
Արթուրը մեկն է այն 24 զինծառայողներից, ում հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում։ Համայնքում հույս էին փայփայում, որ Արթուրը կգտնվի, տուն կվերադառնա, բայց Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարդացել են նաև իրենց համագյուղացու տվյալները։
Համայնքի ղեկավարի խոսքով, Արթուրը ծառայում էր Սյունիքում, այսօր էլ պիտի հերթապահությունից վերադառնար։ Արթուրի հետ ծնողների վերջին կապը եղել է մինչև ռազմական գործողությունների սկսելը։
«Արթուրը պատերազմում վիրավորվելուց հետո հիվանդանոց էր տեղափոխվել, բայց իր տեղը չէր գտնում։ Ուզում էր նորից գնալ կռիվ, բայց բժիշկները չէին թույլատրել, ինքն էլ փախել էր ու գնացել իր գումարտակի, ընկերների մոտ»,– մեզ հետ զրույցում պատմեց Արթուրի ընկերներից՝ Արտավազդը։