Յանոշ Ցեց․ Հայն, ով հիմնադրեց Արգենտինայի ռազմական ակադեմիան

Ո՞վ է Յանոշ Ցեցը, ում մասին այսօր այնքան էլ տեղեկացված չենք։

Յանոշ Ցեց կամ Հովհաննես Ցեցյան՝ հունգարական հեղափոխության հայ մասնակից-գործիչ, Պիշկիի ճակատամարտի հերոս, Արգենտինական ռազմական ակադեմիայի հիմնադիր։

Հայ ազգի հզոր ներկայացուցիչը ծնվել է 1822 թվականին Հունգարիայում։ Իր հայտնիությունն ու հռչակը տարածվել էին ոչ միայն ծննդավայր Հունարիայում, այլ նաև Արգենտինայում: Բուդապեշտի փողոցներից մեկն այսօր նրա անունով է կոչված, իսկ Բուենոս Այրեսի Ռազմական ակադեմիայի այգում կանգնեցված է նրա արձանը: Ցեցի դիմանկարներով լեհական ու հունգարական շատ նամականիշներ են թողարկվել:

Փոքր տարիքում Հովհաննեսն ուղարկվել է ազգային ռազմական դպրոց-ինտերնատ, որտեղ նրա ունակություններն արդեն իսկ նկատելի էին։ Դրանք ավելի զարգացան ու հայտնի դարձան աշխատանքի՝ ծառայության մեջ Ավստրիայի կայսրության ռազմական նախարարությունում, այնուհետև այն ժամանակ, երբ նշանակվեց հունգարական հեղափոխության զորքերի շտաբի հրամանատար:

Հեղափոխության տապալումից հետո Ցեցը Հունգարիայում դատապարտվեց մահապատժի: Նա փախավ Գերմանիա, ապա Ֆրանսիա և Իտալիա։ Մղեց մի շարք պայքարներ տարբեր բանակների կազմերում։

10 տարի անց վերջապես հաստատվեց Արգենտինայում՝ Բուենոս Այրեսում, և սկսեց ծառայել արգենտինական բանակում՝ հիմնադրելով Արգենտինայի ազգային ռազմական ակադեմիան։ Շնորհիվ Ցեցյանի կազմակերպչական և մանկավարժական ունակությունների՝ նրան հաջողվեց ստեղծել Լատինական Ամերիկայում ամենաժամանակակից բանակներից մեկը:

Ապրելով այսպիսի արկածային ու վտանգավոր կյանք՝ նա երբեք չմոռացավ իր հայրենիքի՝ Հայաստանի մասին։ «Քանի դեռ ողջ են իմ ժառանգները, նրանք պարտավոր են հարգել ու պահպանել հայկական գրքերը՝ որպես ընտանեկան մասունք»,- ասել է նա։

Յանոշ Ցեցը կամ Հովհաննես Ցեցյանն իր մահկանացուն կնքեց 1904 թվականին՝ 82 տարեկանում։