Աժդահակի լեգենդը. ինչ չգիտենք մենք այս լեռան մասին

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների պայքարի հիման վրա: Աժդահակը, վախենալով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով կնության է առնում նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Սակայն Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ: Ճակատամարտում Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին: