Արգելված գրքեր, որոնք կարող եք կարդալ ՀԱՅԵՐԵՆՈՎ
Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:

Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Ահա այս ցանկում տեղ են գտել գրքեր, որոնք եղել են արգելված, իսկ այսօր հասանելի են հայերենով՝ որակյալ թարգմանությամբ:
- Ցասման ողկույզները
Ջոն Ստայնբեք
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:
Ծանր կյանքի մանրամասն նկարագրության պատճառով գիրքն ի սկզբանե հեռացվել է Նյու Յորքի, Սենթ Լուիսի, Կանզաս Սիթիի և Բուֆֆալոյի գրադարաններից։ 1953 թվականին գիրքն արգելվեց Իռլանդիայում, իսկ 1982 թվականին՝ կանադական Մորրիս քաղաքում։ Գռեհիկ բառերի օգտագործման պատճառով 1970-80-ական թվականներին վեպն արգելվեց ԱՄՆ-ի որոշ դպրոցներում։
- Սպանդանոց համար հինգ
Կուրթ Վոնեգութ
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույ թի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար հինգը»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:
- Թռիչք կկվաբնի վրայով
Քեն Քիզի

Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է: