«Արքայական բալասան». ինչու էին այն խմում հայոց թագավորները

Արքայական բալասան ըմպելիքը պատրաստված է միջնադարյան բժշկության հատուկ գաղտնագրված բաղադրատոմսով և օգտագործվել է միջնադարում արքաներին կենարար ուժ հաղորդելու, երիտասարդացնելու և նրանց առույգությունը պահպանելու համար: Ըմպելիքը պատրաստված է 54 տեսակի բույսերից, առավել կարևոր է դրանում ալոճենու պտուղը: Պարունակում է նաև բնական մեղր: Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները։ Այն ունի դիմադրողականությունն ամրապնդող և վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացողությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները։ Օգնում է կանխել հիշողության կորուստը:

Նախկինում բալասանը պատրաստվել ու պահվել է վանքում, և որպես անհրաժեշտ պայման՝ ուղեկցվել համապատասխան աղոթակարգով։ Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվել է յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին, այն համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական։
Այժմ բալասանը պատրաստվում է Մատենադարանում և հնագույն ավանդույթներին հավատարիմ՝ պահվում և հասունացվում է Վայոց Ձորի «Ճգնավոր» քարայր-մենաստանում, կաղնե տակառների մեջ՝ բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ։ Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի։