Այս հայը համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը մոսկովյան «Կրեմատորի» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ Արմեն Սերգեյի Գրիգորյանի մասին է, ով ծնվել է 1960 թ. Մոսկվայում,  Սերգեյ և Աիդա Գրիգորյանների ընտանիքում։

1983 թվականին հիմնել է «Կրեմատորի» դուետը, հանդես եկել ընդհատակյա համերգներով և ճանաչում ձեռք բերել մոսկովյան ռոք-շրջանակներում, իսկ երրորդ «Մտացածին աշխարհ» ալբոմի թողարկումից հետո՝ նաև ԽՍՀՄ ողջ տարածքում։

Ռոքի 15 հայերը

1980-ականների վերջին Գրիգորյանը հավաքում է «Կրեմատորիի» ընդլայնված կազմը, ներառում էլեկտրական գործիքներ։ Խումբն իրականացնում է մի շարք հետաքրքիր պրոեկտներ, ձայնագրում «Դվոյնոյ ալբոմը»։ 1990-ականներին խումբը ակտիվորեն շրջագայում է Ռուսաստանի և աշխարհի բազմաթիվ քաղաքներում, 1996 թվականին հանդես գալիս Երևանի «Գաուդեամուս» ռոք-փառատոնում։ Խումբը լավ ընդունելության է արժանանում և ունկնդիրների, և քննադատների կողմից։

Գրիգորյանը համարվում է ռուսական ռոքի «հայրերից» մեկը. նրա տեքստերն բազմաշերտ են, դրանցում հաճախ միախառնվում են իրականն ու անիրականը, հատուկ տեղ է հատկացվում անդրշիրիմյան կյանքի և կրոնի հարցերին։ Խմբի երաժշտությունը ներառում է տարբեր ժանրեր՝ վալսից մինչև ծանր ռոք և հայկական ժողովրդական երաժշտություն: Հանրահայտ «Տգեղ Էլզա» երգում հնչում է հայկական քոչարին: Երաժշտությանն հատուկ հնչեղություն է հաղորդում Վյաչեսլավ Բուխարովի ջութակը։ Վերջին տարիներին Գրիգորյանը փորձում է գտնել նոր արտահայտչամիջոցներ, «Կրեմատորիին» զուգահեռ ստեղծել է «Տրետի Անգել» էլեկտրոնային խումբը, գրում է կինոերաժշտություն, զբաղվում է նկարչությամբ։ Գործում է «Կրեմացիայի և արմրեսլինգի բարեկամների ընկերություն» համաշխարհային ֆան-ակումբը։

Գրիգորյանի ստեղծած հիթերից են «Աղբոտ քամի», «Փոքրիկ աղջնակ», «Տանյա», «Կոնդրատի», «Վերջին շանս», «Կատմանդու» հնչում է «Բռատ» ֆիլմում, «Ուրախ համույթ» և այլն։

Իր երգերում և հարցազրույցներում Գրիգորյանը մեծ տեղ է հատկացնում հայկական թեմային, դեռ 1986 թ. գրել է Հայոց ցեղասպանության պատկերները ներկայացնող «Սեբաստիա» երգը, որը խորհրդային տարիներին արգելվել է.

Արմեն Գրիգորյանը հանդես է գալիս նաև որպես նկարիչ և հասարակական գործիչ, մի շարք ճարտարապետական նախագծերի հեղինակ է