«Ապագայի աչքերով». Երիտասարդ գեղանկարիչ Արման Մաթևոսյանի ցուցահանդեսը և նրա ազգանվեր գործունեությունը

Արման Մաթեւոսյանը ծնվել է Գյումրիում՝ մանկավարժների ընտանիքում։ Դեռ փոքրուց է սիրահարված եղել նկարչությանը։ Ասում է՝ մանկուց ձեռքին միշտ եղել է մատիտ կամ գրիչ։ Նկարչական խմբակների գնալուց հետո որոշել է՝ ստանալու է նկարչի մասնագիտություն։

Սիրելի մասնագիտությունը ստացել է Շիրակի պետական համալսարանում։ Ընթացքում տարբեր ցուցահանդեսների է մասնակցել, ստացել պատվոգրեր, շնորհակալագրեր։ Առաջին աշխատանքները եղել են բնապատկերներ, այնուհետ ստեղագործություններում գերիշխել է ազգային մտածողության, ազգային մշակույթի գաղափարը։

magic stick

Մինչ պատերազմը Արմանը ստեղծագորոծությունների պատվերներ է ստացել ԱՄՆ-ից։ Ամերիկահայերը համացանցում ծանոթացել են նրա աշխատանքներին, հավանել եւ որոշել գնել։ «Համարյա ամեն օր ես ստանում էի պատվերներ, սակայն պատերազմից հետո ես էլ չեմ ընդունում պատվերներ։ Անգամ մեծ գումարներ են առաջարկում, բայց հրաժարվում եմ։ Այսօր կարեւորը պատերազմի մեր հերոսների պատկերների ստեղծումն է, նրանց վերակենդանացնելը»,-ավելացնում է գեղանկարիչը։

Շենքի վերջին հարկում է գտնվում Արմանի հարմարավետ, լուսավոր արվեստանոցը․ այստեղ է տեղակայված նրա հիմնած «Magic Stick» գեղարվեստի ստուդիան, որը համագործակցում է «Русский дом-ի հետ։

saner

«Ես մի նպատակ եմ ունեցել՝ ստանալ գիտելիքներ եւ այդ գիտելիքները փոխանցել սերունդներին, որպեսզի ազգային արվեստի, հայկական մշակույթի, մանրանկարչության շարունակությունն ապահովվի»,-ասում է նա։

Ստուդիայի սաներն օգնում են Արմանին հերոսների դիմանկարները, որմնանկարները կերտելիս՝ գույներն են ընտրում, ստեղծում էսքիզները․․

Որմնանկարների նյութերը հատուկ մշակված են, դիմացկուն են անձրեւի, արևի պայմաններում։ Դրանք գեղանկարիչը ստանում է Ֆրանսիայից ու Ռուսաստանի Դաշնությունից։ Որմնանկարները պատերին կարող են մնալ 7-8 տարի, որից հետո, ինչպես ասում է հեղինակը, կարելի է մշակել նյութերով եւ վերստին թարմացնել։

lida

Արման Մաթեւոսյանն ու իր սաները պատրաստվում են նոր ցուցահանդեսի, այն կրելու է «Ապագայի աչքերով» խորագիրը։ Երիտասարդ գեղանկարիչն ասում է՝ ցուցահանդեսի բացման մտահղացումը եղել է մինչ պատերազմը։ Առաջիկա ցուցահանդեսին ներկայացվող գլխավոր աշխատանքում պատկերված են հայ տղամարդիկ, որոնք հայրենիք են վերադառնում Արարատ սարն ուսերին։