Գիտե՞ք՝ ով է հայ լուսավորական Խ. Աբովյանի որդին. նա 8 զավակ է ունեցել
Հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական Խաչատուր Աբովյանի որդին հայ կրթական գործիչ Վարդան Աբովյանն է: Վարդանը ծնվել է 1840 թվականի մայիսի 31-ին Թիֆլիսում:

Նախնական կրթությունն ստացել է տանը։
Ընդամենը 8 տարեկան էր Վարդանը, երբ զրկվեց հորից և երեխայի խնամքը մնաց մոր՝ էմիլիեի վրա:
Հոր անհետացումից մեկ տարի հետո՝ 1849 թվականի աշնանը, մոր հետ Վարանը Երևանից փոխադրվեց Թիֆլիս։
Ինը տարեկանից սովորել է Թիֆլիսի ազնվական գիմնազիայում։ Երկու տարի հետո, հայերենը կատարելագործելու նպատակով, ընդունվել է Ներսիսյան դպրոցը:
1854-1859 թվականներին սովորել է Խարկովի մասնավոր պանսիոնում, ապա՝ 1861-1862 թվականներին ուսումը շարունակել է Դորպատի համալսարանում, ստացել ռուսաց լեզվի կրտսեր ուսուցչի վկայական։ Ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն է դասավանդել Լիֆլանդիայի նախ Ֆելին գյուղաքաղաքում, ապա Տալլինի (Էստոնիա) տարբեր ուսումնական հաստատություններում։ 1869 թվականի վերջերին վերադարձել է Այսրկովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն ստացել Ախալքալաքում։
Ռուսերենի, պատմության և աշխարհագրության դասեր է տվել տղամարդկանց և կանանց գիմնազիաներում, տեղի հոգևոր դպրոցում։ Մեկ տարի հետո վերադարձել է Թիֆլիս, այստեղ մասնավոր դպրոցներում և գիմնազիաներում դասեր է տալիս նույն առարկաներից։
Ամուսնու մահից 22 տարի անց՝ 1970 թվականին, մահանում է Էմիլին:
1875 թվականին Վարդանը տեղափոխվել է Էջմիածին։ Այստեղ հինգ տարի ուսուցչություն է արել Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև տասը տարի ապրել է Երևանում և աշխատել թեմական դպրոցում որպես ուսուցիչ և դաստիարակ։
1891-1896 թվականներին աշխատել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես դաստիարակ, միաժամանակ դասեր է տվել ռուսերենից, պատմությունից և աշխարհագրությունից:
Մահացել է Էջմիածնում և թաղվել Գայանե վանքի բակում:
Վարդան Աբովյանը մեծ ընտանիքի հայր է եղել։ Ամուսնացել է Կատարինե Աբովյան-Յարալյանի հետ և ունեցել ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում:
Դժբախտաբար, Վարդանը շուտ է մահացել և մնացած երեք տղաներին՝ Կոստանդինին, Աշոտին, Լևոնին և 2 աղջիկներին մեծացրել և կրթության է տվել կինը՝ Կատարինեն: