Ինչ կապ ուներ Վրաստանի Սուրբ Նինոն Հայաստանի հետ

Վրաստանի ամենակարևոր սուրբն է Նինոն, որը այն կինն էր, ում հրաշագործությունների շնորհիվ  330-ականներին վրաց թագավոր Միհրդատը, վրաց արքունիքը, այնուհետև ամբողջ ժողովուրդը ընդունեց Քրիստոնեություն:

Սակայն շատերը չգիտեն, որ Սուրբ Նինոն իրականում նույն Նունեն էր, որ Հռիփսիմյաց կույսերից էր: նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով։ Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է։ Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը: