Սուրբ Սարգսի տոնի մոռացված ավանդույթները

Բոլորը գիտեն, որ Սբ. Սարգսի տոնը նշանավորվում է աղի բլիթի արարողությամբ: Սակայն հնում սա չի եղել միակ ավանդույթը: Այս գեղեցիկ տոնին կատարվել են բազմաթիվ այլ արարողություններ և ծեսեր, որոնք, սակայն այսօր մոռացված են: Ահա դրանցից մի քանիսը.

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Մարաշցիները մեծ կարևորություն էին տալիս սբ. Սարգսի տոնին և այդ շաբաթ պահք էին պահում։ Ծոմի ժամանակ արգելված էր օգտագործել կենդանական ծագում ունեցող մթերք, փոխինդ, ցորեն և ալյուրից պատրաստված ուտելիքներ։

Ծոմի երրորդ օրը մասնակիցները չորեքշաբթի առավոտյան գնում էին եկեղեցի և «Խաչմէր» (օրհնված ջուր) խմելով ավարտում էին պահքը։ Այնուհետև վերադառնալով տուն՝ ուտում էին «ալլա հոց» կոչվող հացը (առանց աղի եւ թթխմորի հաց) կամ «փէխանդը»։ Վերջինս նույն փոխինդով խաշիլն էր, որ պատրաստվում էր բոված ալյուրից և խաղողի ռուպից (խաղողահյութից պատրաստված քաղցու)։ Փոխինդն ընդունված էր եփել մեծ քանակությամբ և բաժանել հարևաններին՝ սբ. Սարգսի բարեգթության խնդրանքով։

Ընդունված էր նաև երազանք պահել և մատաղ անել։ Մատաղի միսը փաթաթում էին «ալլա հոցի» մեջ և բաժանում հարևաններին։

Մուսալեռում տոնի առիթով պատրաստում էին գումպու կոչվող հատուկ գաթան։

Խարբերդի վիլայեթի Հյուսենիկ գյուղի մոտ մի բարձր լեռնաշղթա կար, որի գագաթին՝ մի բնական ժայռե կամուրջ։ Մարդիկ հավատում էին, որ այդ վայրը մանուկներին բուժելու հատկություններ ունի։ Սբ. Սարգսի օրը մայրերը իրենց զավակների հետ բարձրանում էին լեռան գագաթը, կամրջի մոտ մոմ վառում, համբուրում քարի անցքերը, որոնք, ըստ ավանդույթի, սբ. Սարգսի ձիու պայտի հետքերն էին, ապա մետաղադրամներ տեղադրում այդ անցքերում և վերադառնում տուն։

Արաբկիրի գավառակում սբ. Սարգսի տոնին ընդունված էր խավիծ պատրաստել։ Այն մատուցում էին ռուպով կամ մեղրով։