Հայկական վանքերի և աստղերի զարմանահրաշ կապի առեղծվածը

Գիտե՞ք, որ հնում հայերը աստղերի մասին պատկերացում էին կազմում եկեղեցիների միջոցով։ Այո՛, դա միանշանակ ճշմարտություն է։ Հոգևորականները կապ են ունեցել աստղագիտության հետ։ Նրանք եկեղեցու միջոցով ուսումնասիրել և վերլուծել են տիեզերքն ու երկինքը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տաթևի վանքն ուղղված է ոչ թե հյուսիսից հարավ ու արևմուտքից արևելք, ինչպես բոլոր մյուս եկեղեցական կառույցները, այլ դեպի հյուսիս–արևելք։

Հին հայկական վանքերն այնպես էին կառուցվում, որ հնարավոր լիներ հետևել աստղերին։ Վերջին ուսումնասիրությունների արդյունքում այս եզրակացությանն են հանգել հետազոտող Վազգեն Գևորգյանն ու գիտությունների թեկնածու Ելենա Գիենկոն։

«Մենք եղել ենք Տաթևի, Նորավանքի, Այրիվանքի, Որոտնավանքի ու Հաղարծնի վանքերում։ Տաթևում հետաքրքիր բացահայտում ենք արել։ Բանն այն է, որ վանքերի հիմքում հավասարակողմ խաչ է, որն ուղղված է հյուսիս-հարավ ու արևմուտք-արևելք։ Իսկ Տաթևի վանքն անկյունագծով է տեղակայված, այն նայում է արևածագին ու ընդունում առաջին շողը», — ասում է Գիենկոն։ Տաթևի հայտնի գավազանն այդ տեսակետից բացառիկ աստղագիտական գործիք է։

«Գավազանի միջոցով մարդիկ հետևում էին աստղերին, իսկ օգոստոսի 11-ին` Նավասարդի օրը, արևածագից երկու ժամ առաջ Օրիոնի համաստեղությունը ուղղահայաց դիրք էր ընդունում», — նշում է Գիենկոն:

Ըստ աստղագետի` աստղերին հետևողներն այդպես էին պարզում օրվա ժամը: Նշվում է, որ Х դարում` տաճարի շինարարության ժամանակ, աստղերի դասավորությունը երկնքում ուրիշ է եղել:

Այս մասին է նշվում  XIX դարի հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում։ Ըստ նրա Տաթևն աստղադիտարան է՝ դիտանոց։

«Պատահական չէ, որ Ուլուքբեկը XIII դարում Տաթևից բերած ձեռագրերով աստղադիտարան է կառուցել Սամարղանդում»,- ասում է Գևորգյանը:

X դարի Որոտնավանք տաճարի մասին խոսելիս` Ելենա Գիենկոն ասում է, որ այստեղ նույնպես աստղերի դիտարկումներ են անցկացվել:

«Մենք գիշերն ենք դիտարկում կատարել: Նեղ, բարձր պատուհաններից դիտարկվում են աստղեր, այսինքն ամենավառ աստղերն անցել են այդ պատուհանների միջով»,- ասում է նա:

Աստղագետն ավելացնում է նաև, որ աստղային երկինքն ու կենդանակերպի համաստեղությունները պատկերող որմնանկարը, որը պահվում է տաճարում, նույնպես յուրօրինակ է:

Այսպիսի զարմանահրաշ և յուրօրինակ փաստեր։