Ամերիկյան երազանքի հետքերով․ facebook-ի, Google-ի, Microsoft-ի հայ գործընկերը

Հովիկ Սաֆոյանը արմատներով հայ է՝ մայրը Երևանից է , իսկ հայրը՝ Իրաքից։ Հովիկը սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Համալսարանից հետո աշխատել է որպես ծրագրավորող։ Բայց 1987 թվականին կնոջ ընտանիքի միջոցով տեղափոխվում են ԱՄՆ։


ԱՄՆ-ում Հովիկը սկսել է աշխատել որպես սկսնակ ծրագրավորող, ապա աշխատել է մի շարք ընկերություններում, որտեղ ավելի մոտիկից է ծանոթացել բիզնես աշխարհին։ Հովիկի կինը՝ Անին, աշխատում էր որպես հաշվապահ, և միասին որոշում են ստեղծել իրենց սեփական ընկերությունը։ Այսպիսով ստեղծում են SADA Systems-ը, որը սկզբում սկսում է ապահովել համակարգչային ու ծրագրային խնդիրների լուծում փոքր բիզնեսների համար։ Այնուհետև ավելի արմատական բիզնես խնդիրների վերլուծությամբ է սկսում ընկերությունը զբաղվել։

Տարիներ անց Հովիկին հաջողվեց համագործակցություն հաստատել facebookGoogle-ի, Microsoft-ի հետ։
2007 թվականին SADA Systems-ին է դիմում Google-ը։ Ընկերությունը օգնության կարիք ուներ Google App-երն ավելի շատ ու տարբեր բիզնեսների վաճառելու, ինչպես նաև մի ծրագիր ստեղծելու համար, որը թույլ կտար օգտատերերին հեշտությամբ տեղափոխել իրենց էլեկտրոնային նամակներն ու նյութերը Google Apps-ի ամպային համակարգ։ Հովիկի ընկերությունը կարողացավ հաջողված համագործակցություն ունենալ։

SADA Systems-ի և Microsoft-ի համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ 2017 թվականից Հայաստանում հեռաբժշկության միջոցով կատարել վիրահատություններ ու կանխել անհասների ռետինոպաթիան։ Ընկերությունը նաև պլանավորել է նմանատիպ աշխատանքներ կատարել այլ երկրներում և այլ հիվանդությունների բուժման համար։

Հովիկը առանց արտաքին օգնության կարողացավ իր ընտանիքով հասնել այսպիսի հաջողությունների։ Ընկերությունը մինչև այժմ էլ պատկանում է Սաֆոյանների ընտանիքին․ Հովիկը ընկերության տեխնիկական տնօրենն է, կինը՝ ֆինանսական տնօրենն է, իսկ որդին՝ գործադիր տնօրենն է։