Բոլորս էլ գիտենք, որ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի քանդակագործը Երվանդ Քոչարն է. իսկ գիտե՞ք՝ ով է հուշարձանի ճարտարապետը
Վարդան Մամիկոնյանի հուշարձանը, որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, տեղադրվել է 1975 թվականին:

Հուշարձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ:
Ի դեպ, Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։
Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
Բոլորիս էլ հայտնի է, որ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի քանդակագործը Երվանդ Քոչարն է, իսկ հուշարձանի ճարտարապետի մասին քչերը գիտեն:
Հուշարձանի ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը:

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետը ծնվել է 1929 թվականի հունվարի 7-ին: 1954 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954-1969 թվականներին դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում: 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: Քյուրքչյանը 1968 թվականից ճարտարապետության արվեստանոցի ղեկավար է։