Ի՞սկ Դուք գիտեք՝ ինչ պատմամշակութային կառույց է եղել «Մոսկվա» կինոթատրոնի տեղում. ինչու՞ այն քանդեցին

  • Պատմությունը և պատմամշակութային նշանակությունը

5-րդ. դարում Երևանում եղել են 2 մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն էր: 1679թ.-ի երկրաշարժից եկեղեցին ավիրվում է, 17-րդ դարի վերջին պահպանված մնացորդների վրա այն նույնությամբ վերակառուցվում է: Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ պարզ է դառնում, որ եկեղեցին վերականգնվել է հենց 17-րդ դարում: Դրա մասին են վկայում նաև «1691» և «1692» թվականների գրությունները, իսկ վիմական երկու արձանագրությունները փաստում են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.-ին։

«Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»,- ասվում է առաջին արձանագրության մեջ:

Երկրորդ արձանագրությունը վկայում է՝ «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն։ Ի ՌՄԿԹ (1820)»:

Եկեղեցին զարդարում էին որմնանկարների 6 շերտ, որոնց մի մասը 19-րդ դարի էին, իսկ մնացածը շատ ավելի հին ժամանակների: Որմնանկարներից ամենահինը, ըստ որոշ ուսումնասիրությունների, պատկանում էր 6-7րդ դարերին, մինչ այդ եկեղեցու պատերը դատարկ են եղել: Որմնանկարներին պատկերված են բուսական զարդեր, Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարները:

Եկեղեցին կարևոր նշանակությունն է ունեցել իր տարողունակթյամբ, ամրությամբ և իհարկե հնությամբ, ինչպես նաև քաղաքի սրտում գտնվելով կապ է պահել քաղաքի մյուս եկեղեցիների հետ:

  • Սակայն եկեղեցին քանդեցին

Սովետական պետության աթեիզմի գաղափարախոսությունը իր տարածումն էր ստանում նաև Հայաստում:  Ըստ 1918թ.-ի հրապարակված դեկրետի՝ եկեղեցին զրկվում էր պետության կողմից նպաստից: ԽՍՀՄ-ում սկսում էին գործել աթեիստական կազմակերպություններ ու պարբերականներ, որոնք միաձայն վկայում էին՝ «Կրոնի դեմ պայքարը պայքար է սոցիալիզմի համար»։

Այս պրոցեսների հետևանքներից մեկն էլ ՍԲ. Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու որոշումն էր:

1930թ. նոյեմբերի 6ին, Երևանի քաղխորհուրդը կայացրեց քաղաքի ամենամեծ թաղում` Շհարում, գտնվող Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու մասին որոշումը:

1931թ.-ին Սովետական իշխանությունները՝ հաշվի չառնելով Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի անհամաձայնությունը՝ եկեղեցին քանդում են և նրա տեղում կառուցում «Մոսկվա» կինոթատրոնի շենքը: Եկեղեցու մասին քիչ բան է հայտնի, նրա գոյությունը փաստում է միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը, ինչպես նաև ճարտարապետ Կարո Ղաֆասարյանի և հնագետներ Աշխարհբեկ Քալանթարի ու Երվանդ Շահազիզի կատարած ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերը:

Ինչ վերաբերում է որմնանկարներին. եկեղեցին քանդելիս դրանք խնամքով տեղափոխվել են տարբեր թանգարաններ և պահպանվել:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի։