Ինչու՞ Չարենցը կրակեց օրիորդի վրա և ինչպե՞ս էր Բակունցի ատրճանակը հայտնվել նրա ձեռքում
Իսկ դուք գիտեք, որ Եղիշե Չարենցը տաքարյուն բնավորություն ուներ, որի պատճառով հաճախ ընկնում էր անախորժությունների մեջ։
Այդպիսի մի միջադեպ է պատահում 1926 թ-ի սեպտեմբերի 5-ին Երևանի ներկայիս Աբովյան փողոցում, երբ բանաստեղծը կրակում և վիրավորում է իրավաբան Սերգեյ Այվազյանի աղջկան, հետագայում հայտնի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը՝ Մարիաննային:
Դեպքից հետո Չարենցը ձերբակալվում է՝ դատապարտվելով նախ՝ 8, ապա 3 տարվա ազատազրկման: Սակայն բանտում անցկացնում է մոտ 6 ամիս։
Միջադեպը տարբեր կերպ են ներկայացվում, սակայն ամենահավանականն երևի թե Ստեփան Զորյանի հուշերն են, քանի որ պարզ է դառնում, որ Չարենցի մտերիմ ընկերներն էին ինչ-որ չափով մեղավոր տեղի ունեցածի մեջ:

Պատմությունը Զորյանին է հասել Չարենցի դատապաշտպանի միջոցով, ով իրավաբան Գրիգոր Չուբարյանն էր՝ հետագայում հայտնի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հայրը:
Ներկայացնում ենք դեպքի մանրամասները Որպես դատապաշտպան՝ նա մանրամասն հարցուփորձել է թե՛ իրեն՝ Չարենցին, և թե՛ այդ գործին մասնակից Ա. Բակունցին, նկարիչ Ս. Արուտչյանին և ինչ-որ Մաթևոսյանի։
Ճաշարանում միմյանց հետ նստած են եղել Բակունցը, Չարենցը, նկարիչ Արուտչյանը և Մատթևոսյանը։ Այդ նույն ճաշարանում էր նաև Այվազյանի աղջիկը ընկերուհիների հետ։ Չարենցի ընկերները, մատնացույց անելով աղջկան, ասում են Չարենցին.

— Ուզում էիր նրա հետ ծանոթանալ, բայց չես կարողանում։
—Կարող եմ, — ասում է Չարենցը։
— Չես կարող, —պատասխանում են նրան ընկերները։
— Եթե չխոսի հետս՝ կկրակեմ։
— Դե ստորագրություն տուր, որ կկրակես, — ասում է նրանցից մեկը։
Եվ Չարենցը մեկի բլոկնոտում գրում-ստորագրում է, թե մերժումի դեպքում կկրակի։
Երկու օր անց Չարենցին ասում են, որ այդ աղջիկը թատրոնում է ։ Իսկ Բակունցը նրան է տալիս իր ատրճանակը։ Եվ իսկապես, քիչ հետո աղջիկը դուրս է գալիս թատրոնից իր հոր հետ։ Չարենցը հետևում է նրանց։ Իսկ հետո դիմում աղջկան։

Աղջիկը, իր անունը լսելով, կանգնում է։ Չարենցը մոտենում է և ձեռքը բռնում.
— Ես քեզ սիրում եմ, դու ինչո՞ւ չես ուզում ինձ հետ լինել։
— Դուք կին ունեք, գնացեք Ձեր կնոջ մոտ, — ասում է աղջիկը և արագ հետևում հորը։
ԵՎ մինչ նա հորը կհասներ, Չարենցը կրակում է նրա վրա։ Եվ այսպես Չարենցը հայտնվում է դատարանում։