Կինը, ով 1 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին

Ֆրեզնոյի նոյեմբերյան մի օր էր.  արքայանարինջները չորանում էին խոհանոցում, ու ջարդած ընկույզներով լի մի ափսե դրված էր սեղանին: 102-ամյա Կլարա Մարկոսյանը կապեց իր սիրելի շարֆը, որը պահում էր հյուրերի հետ հանդիպումների համար:

40 տարի առաջ կառուցած իր  տանը նա խնդրեց իր խնամակալներին՝ Նունուֆար Խալաթյանին ու Մարգո Էլլիսոնին, որ բերեն կոնֆետների մի տուփ, որը նա ամեն առիթի համար միշտ ձեռքի տակ ուներ: Հետո նկատեց, որ կանայք, ստուգում էին իրենց հեռախոսները՝ փորձելով թաքցնել արցունքները:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեց Մարկոսյանը՝ հանկարծ անշարժանալով,- պատերա՞զմն է:

Կանայք քննարկում էին, թե ինչքան գումար են պատրաստվում ուղարկել Համահայկական հիմնադրամ:  Բայց Մարկոսյանը, լինելով իր տոհմի վերջին ժառանգը ու չունենալով ողջ մնացած հարազատներ, դիմեց իր գործերով զբաղվող եկեղեցու սարկավագին՝ իր անունից 1 միլիոն դոլարի նվիրատվություն կատարելու համար:

Նորությունը արագորեն տարածվեց․ Ֆրեզնոյում բնակվող 102-ամյա մի կին, ով 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկվածներից էր մեծ նվիրատվություն էր կատարել Հայաստանին։

Քնարիկ-Կլարա Մարկոսյանի կյանքը ձգվել է պատմության խորդուբորդ ճանապարհներով, Նա ծնվել է ցեղասպանության տարիներին:

Կլարայի մայրը հղի էր նրա ավագ եղբորով, երբ շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին ու վտարվեցին իրենց երկրից: Նրա ծնողներին թուրք հարևաններն են թաքցրել: Իսկ հետո, երբ օրենք դուրս եկավ, թե ցանկացած թուրք ընտանիք, որ պաշտպանում է հայերին, կսպանվի, Կլարայի ծնողները՝ 3-ամյա երեխան գրկներին, բռնեցին Ռուսաստանի ճամփան: Կլարան ու իր կրտսեր քույրը ծնվել են Ռուսաստանում:

Ո՛չ Կլարան, ո՛չ էլ իր քույրն ու եղբայրը երբեք չամուսնացան: Նրանք տեղափոխվեցին Ֆրեզնո, որը Կալիֆոռնիայում հայկական սփյուռքի առաջին կենտրոնն էր:

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ֆրեզնոն փաստացի դարձավ թիկունքը: Մեծ քաղաքներում մարդիկ  բողոքի ցույցեր էին կազմակերպում փողոցներում ու պահանջում ԱՄՆ-ի միջնորդությունը: