Նա հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի դերը. գիտե՞ք ում մասին է խոսքը

Խոսքը հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկի՝ Սիրանույշի մասին է, ով ծնվել է 1857 թվականին Ստամբուլում:

Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։

1873 թվականից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874 թվականից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդանովի «Օսմանյան թատրոնում»: Հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։

1878 թվականին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր:

1879-1881 և 1891-1892 թվականներին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թվականին կրկին հրավիրվել է Սերովբե Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։

1895 թվականից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել Բուլղարիայում, Ռումինիայում և Եգիպտոսում։ 1897 թվականին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում՝ ողբերգական դերերով։ Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թվական, Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։

Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր, որոնցից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թվականներին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թվականին՝ Կոստանդնուպոլսում։

1912 թվականին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ։

 1918-1921 թվականներին շրջագայել է Պարսկաստանում:

 1922 թվականին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թվականին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով։

Մահացել է տունդարձի ճանապարհին։

Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր։ Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության։ Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ դերասանական արվեստում։ Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը։