Տասնամյակներ շարունակ Ժասմենը եղել է Բաքվի Հայ դրամայի առաջատար դերասանուհին. պարզվում է՝ նա հայ է
Ժասմենը, նույն ինքը Մարիամ Հովսեփի Գրգորյանը ծնվել է 1894 թ. Թիֆլիսում, բանվորի ընտանիքում։
Ապրել է դժվար մանկություն։ Տարրական կրթություն ստանալով՝ նա հնարավորություն չի ունենում ուսումը շարունակել և ընդունվել է Հայոց բարեգործական ընկերության կարուձևի դպրոցը, որի սաներն են եղել նաև Օլգա Գուլազյանը և Մերի Բերոյանը։
Ունեցել է բնատուր երաժշտական, լավ ձայն և երգել է Ռոմանոս Մելիքյանի, ապա և Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբում։ Թատրոնի հետ կապվել է սիրողական խմբերի միջոցով, այնուհետև հանդես է եկել «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որի գլխավոր դերակատարը Ամո Խարազյանն էր։ Հենց նա էլ նկատում է Ժասմենին և ընդունում իր խումբը, որը ներկայացումներ էր տալիս Թիֆլիսի Հավլաբար աշխատավորական ընկերության խմբում։
1909-1910 թթ. թատերաշրջանում Ժասմենը հանդես է գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ հայ բեմի վարպետների հետ։ Հենց այստեղ էլ նորահայտ դերասանուհու տաղանդը նկատում է Հովհաննես Աբելյանը և հետևում նրա զարգացմանը։ 1912 թ. Ժասմենը դառնում է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիրը։
Ժասմենը դառնում է Բաքվի նորաստեղծ Հայ դրամայի «առաջին դերասանուհին»։ Միայն մի թատերաշրջան (1924-1925) է նա անցկացնում Երևանում․ այնքան ժամանակ, որքան գոյություն է ունենում Երևանի հեղափոխական թատրոնը։ Այս թատրոնի փակումն էր պատճառը, որ դերասանուհին կրկին վերադառնում է Բաքու։
Տասնամյակներ շարունակ Ժասմենը Բաքվի Հայ դրամայի առաջատար դերասանուհին է եղել մինչև թատրոնի փակվելը 1949 թ.։ Դրանից հետո նա երկար ժամանակ հեռանում է բեմից, և երբ մի տասնամյակ անց, նա կրկին Կրուչինայի դերով 1959 թ. հանդես է գալիս Սունդուկյանի անվան թատրոնում:
Դերասանուհին մահացել է 83 տարեկան հասակում: