Տղամարդկանց բասկետբոլում առաջին կին գլխավոր մարզիչն ազգությամբ հայ է. ո՞վ է նա
Խոսքը հայկական ծագմամբ խորհրդային և ռուսասատանցի բասկետբոլիստուհի, մարզիչ Էլեն Բունիաթյանցի մասին է, ով առավել հայտնի է որպես Էլեն Շակիրովա: Վերջինս 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի հաղթողն է:
Էլեն Բունիաթյանցը ծնվել է Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի թիվ 20 դպրոցը: Բասկետբոլիստուհու մայրը ռուս է, հայրը՝ հայ:
15 տարեկանից Բունիաթյանցը սկսել է խաղալ Հայաստանի բասկետբոլային «Հատիս» թիմում։ Կենտրոնական Էլենը թիմի առաջատար խաղացողն էր։ Այդ տարիներին հայկական բասկետբոլը վերելք էր ապրում, բայց ԽՍՀՄ փլուզման հետ «Հատիս» թիմը դադարեց գոյություն ունենալ:
Խաղացել է «Հատիսում» ԲԿՄԱ-ում, «Դինամոյում», «Գամբրինուսում», «Բալթյան աստղ» ԲԱ-ում, «Վոլոգդա-Չևակատայում», «Նադեժդայում», «Էներգիայում»:
Մարզական կարիերայի ընթացքում Էլենը մասնակցել է երեք օլիմպիական խաղերի։ 1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային օլիմպիական խաղերում Միացյալ թիմի (ԱՊՀ) կանանց ազգային հավաքականը մեծ հաջողության հասավ՝ կիսաեզրափակչում հաղթելով ԱՄՆ-ի (79:73) և եզրափակչում՝ Չինաստանի (76:66) ազգային հավաքականներին։ Էլեն Բունիաթյանցը մասնակցել է այդ մրցաշարի հինգ հանդիպման, իսկ եզրափակիչ խաղում թիմին բերել է 15 միավոր:
1997 թվականին ֆրանսիական «Օրշի» ակումբի կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը և դարձել Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր։
Խաղացել է նաև Բրազիլիայի (1992-1994), Ավստրիայի, Լեհաստանի ակումբներում, կանանց NBA-ի «Հյուսթոն Քոմեթս» և «Շառլոտ Սթինգ» թիմերում:
2003 թվականին Էլեն Շակիրովային վստահվել է Համահայկական երրորդ խաղերի ջահը վառելու պատիվը:
Ի դեպ, Էլենի ամուսինը տափօղակով հոկեյի հայտնի մրցավար Շամիլ Շակիրովն, ում հետ Բունիաթյանցը ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի և Մոսկվայի «Դինոմոյի» խաղի ժամանակ։ Նա հոկեյի սիրահար չէր և խաղին գնացել էր իր մեկնաբան ընկերուհու հրավերով, որը Շամիլի հետ աշխատում էր մրցավարների կազմում։ Խաղից հետո նա և Էլենը հանդիպեցին, և շուտով այս ծանոթությունը վերաճեց սիրո։ Հարսանիքից հետո Էլենը վերցրեց ամուսնու ազգանունը և սկսեց հանդես գալ որպես Էլեն Շակիրովա:
1998 թվականի սկզբին լույս աշխարհ եկավ նրանց դուստր Ալինան, որը գնաց մոր հետքերով և դարձավ տաղանդավոր բասկետբոլիստուհի։ Երբ Ալինան երեք տարեկան էր, Էլենն ու Շամիլ Շակիրովը ամուսնալուծվեցին: