Ու՞ր էր անհետացել մեծ գրողի սիրտը կամ այլ կերպ ասած, ինչու՞ էր որդին գողացել հոր սիրտը
Հովհաննես Թումանյանը երկարատև հիվանդությունից հետո մահանում է Մոսկվայում 1923 թ., մարտի 21-ին, իսկ 1923 թ. ապրիլի 15-ին Թիֆլիսում՝ Խոջիվանքի գերեզմանատանը տեղի է ունենում Թումանյանի հուղարկավորությունը: Սակայն բանաստեղծին հողին են հանձնում առանց սրտի: Ո՞րն էր պատճառը։ Ի՞նչ էր պատահել։
Հայտնի է, որ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, այնտեղ գտնվող բանաստեղծի որդին` Արեգը խնդրում է բժիշկներին հոր սիրտը իրեն տալ: Այս մասին եղբորը` Համլիկին գրված նամակում Արեգն ասում է.
«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ է, հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»։

Հայտնի է, որ տարիներ շարունակ բանաստեղծի հարազատները սիրտը սրբազան մասունքի պես պահում էին գրողի սենյակում՝ մի փոքրիկ պահարանի մեջ:
Մի անգամ Թումանյանի հարազատներին է այցելում Ավետիք Իսահակյանը:Բանաստեղծը մնում է գիշերելու նրա տանը և նրան տեղավորում են հենց նույն սենյակում, որտեղ որ ապրել էր Թումանայանը: Իսահակյանն ամբողջ գիշեր չի քնում, անհանգիստ է լինեում: Իսկ առավոտյան իմանում է, որ Թումանյանի սրտի հետ նույն սենյակում է գտնվել:

Դրանից հետո հենց Իսահակյանն է համոզում հարազատներին Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը տեղափոխել Երևան: Սիրտը հանգրվանում է Բժշկական ինստիտուտի անատոմիկում:
1994 թվականի Թումանյանի սիրտը հողին է հանձնվում Դսեղում՝ հայրենի տան բակում և վերջապես մեծ բանաստեղծի երազանքը կարարվում է՝ նրա սիրտը հանձնվում է հայրենի հողին: