Եթե մկրտությունից հետո շուտ եմ լվացվել, ուրեմն՝ մկրտված չե՞մ․ ի՞նչ անել

Երբեմն հանդիպում ենք դեպքեր, երբ մկրտված անձը լվացվում է ավելի վաղ, քան երեք օրն է։ Այդպես մարդիկ սկսում են կասկածել՝ ի՞նչ ուրեմն՝ այլևս մկրտված չե՞մ։

Այս հարցի պատասխանը շատ պարզ է․ անկախ նրանից, թե մկրտությունից հետո երբ եք լվացվել, մնում եք մկրտված։ Անշուշտ, վաղ լվացվելը մեղք է և պետք է ապաշխարել, սակայն դրանից մկրտված լինել-չլինելը չի որոշվում։

Նախկինում մարդիկ լվացվում էին մկրտության ութերորդ օրը։ Հետագայում օրերի քանակը կրճատվեց, քանի որ հարցը ոչ թե օրերի քանակն է, այլ ստացած սրբության հանդեպ վերաբերմունքը։ Այսպես է դրսևորվում մեր հավատը մկրտության հանդեպ, Աստծո Արքայության հանդեպ։

myuron

Հենց այս նկատի առնելով է Ս. Կյուրեղ Երուսաղեմացին ասել հետևյալ խոսքերը․ «Եթե դու կեղծավորաբար` առանց հավատքի ես մկրտվում, ապա մարդը քեզ կմկրտի, իսկ Սուրբ Հոգին` ոչ»:

Քրիստոնեությունը սկսվում է հենց մյուռոնին՝ սրբությանը վարժվելուց, որը տրվում է մկրտության խորհրդով։ Այնպես որ՝ այս մասին մտածելիս հաշվի առնենք ոչ թե օրերի քանակը, այլ պատգամը կատարելու մեր պատրաստակամությունը։