Շուշիի հրաշքը. եկեղեցի, որը տեսանալի է քաղաքի ցանկացած կետից. ի՞նչ վիճակում է այն հիմա

Արցախի պատմաճարտարապետական արգելոցում՝ Շուշիում է գտնվում Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (եկեղեցու գմբեթները ժամանակին ներկված են եղել կանաչ, որի պատճառով էլ ստացել է Կանաչ անվանումը)։

Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն, քաղաքի հյուսիսային հատվածում։ Այդ մասին վկայում են շինարարական արձանագրությունները։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները։

Ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ այն տեսանելի է քաղաքի բոլոր հատվածներից։

Սրբավայրը ճարտարապետական նորարարություն է.

Այն ունի արևելք-արևմուտք առանցքով խաչաձև հատակագիծ, արևելյան ճակատն էլ կցված է մատուռի արևմտյան կողմին: Կանաչ Ժամն աչքի է ընկնում նաև իր յուրօրինակ ներքին հարդարմամբ, ինչն այն դարձնում է եզակի՝  նմանատիպ ճարտարապետական կառույցների շարքում: Մատուռի մուտքի վերևում պահպանվել է արձանագրություն՝

«Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ի թիվս մյուս եկեղեցիների, Կանաչ Ժամ եկեղեցու գործունեությունը նույնպես դադարեցվում է։ Եկեղեցու շրջանում գտնվող առողջարաններն ու հանգստյան տները ադրբեջանցիների կողմից վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, ինչի պատճառով այն խիստ տուժել էր. բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի գոգատակի պատը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։

Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին:

2015թ. հուլիսի 4-ին տեղի է ունեցել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգակատան երկու նոր զանգերի տեղադրման և օծման արարողությունը։

Թշնամին միշտ ձգտել է վերացնել հայոց բազմադարյան մշակույթը: Վերացնել այն, ինչն իրենը չէ: Սակայն վանդալիզմի ենթարկելով մեր եկեղեցիները, ժխտելով մեր պատմությունը, փորձելով սեփականաշնորհել մեր ձեռքբերումները՝ դրանք ձերը չեք դարձնում: ՀԱՅ ԱԶԳԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ՈՒ ՄՆԱԼՈՒ Է ԱՎԵԼԻ ՎԵՐ: