Նա ողջ կյանքում երազեց Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակեր Հայաստանին. ու՞մ մասին է խոսքը և ինչու՞ նա չհասավ իր նպատակին

Խոսքը պորտուգալահայ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին է, ով մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։

Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում՝ Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։

Նախնական կրթությունը Գալուստը ստացել է հայկական Արամյան-Ունջյան դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է ֆրանսիական Սեն Ժոզեֆ դպրոցում։ Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ռոբերտ քոլեջում (ներկայումս համալսարան)։

15 տարեկանում ֆրանսերենը կատարելագործելու նպատակով նա որոշ ժամանակով տեղափոխվում է Մարսել: Գալուստ Գյուլբենկյանը 18 տարեկանում ավարտում է Լոնդոնի թագավորական քոլեջը («Քինգս քոլեջ») ճարտարագետի և կիրառական գիտությունների մասնագետի որակավորմամբ։ Քսան տարեկանում հոր թելադրանքով, նա մեկնել է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու։ Ճամփորդության արդյունքում նա գրում է «Նավթը էներգիայի աղբյուր» ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր «Revue des Deux Mondes» ամսագրում։

1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։

Գալուստը կնոջ հետ

Նվարդը նույնպես Կեսարիայից էր և սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք ունեցան երկու զավակ՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Գալուստը որդու հետ

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։

Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։

Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլբենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»

2012 թվականի հունվարին հայտարարվել է, որ նա հետմահու զրկվում է Եղիսաբեթ II-ից տրվող KBE մրցանակից, որը տրվել է նրան 1951 թվականին։