ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄՇԵՆ. Հայաստանի սահմաններից դուրս, բայց ՀԱՅԵՐԻ հին բնօրրան

Համշենը կամ Համամշենը, VIII դարի վերջից-XX դարի սկզբին եղել է հայկական կիսանկախ իշխանություն, ապա հայաբնակ գավառակ  Սև ծովի հարավարևելյան ափին։ Ներկայումս այն քաղաք է Թուրքիայում։

Պատմիչ Ղևոնդի վկայությամբ 8-րդ դարում Մեծ Հայքի Կոտայք և Արագածոտն գավառներից մոտ 12000 մարդ, չդիմանալով արաբական ճնշումներին, Աբաս Ամատունու և նրա  որդի Համամ իշխանի գլխավորությամբ հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բյուզանդական կայսրության մաս կազմող Պոնտոսում:

Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը սիրով ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, իսկ հայ նախարերներին է նվիրում Տամբուր քաղաքը, որը կարճ ժամանակ անց հիմնովին ավերվում է պատերազմներից: Համամ Ամատունին այն վերականգնում է և կոչում Համամշեն (Համշեն):

Համամ Ամատունու հիմնդրած իշխանությունը տևեց մինչև 15-րդ դար: Այն Բյուզանդական, հետագայում նաև Պոնտական կայսրության կազմում ուներ կիսանկախ դրություն:

Օսմանյան կայսրության ստեղծումից կարճ ժամանակ անց հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ սկսվեց վարվել անհանդուրժողական քաղաքականություն, որը հաճախ հանգեցնում էր պատերազմական գործողությունների:

Օսմանյան կայսրությունը ամեն կերպ փորձում է մահմեդականացնել այս տարածքները: 19-րդ դարի կեսերից սկսվում է քրիստոնյա համշենահայերի արտագաղթը դեպի Ռուսական կայսրության ծովափնյա շրջաններ:

Այսպիսով համշենահայերը բաժանվեցին 2 մասի

  1. Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր
  2. Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր

XV դարում հիշատակվում են Համշենի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489 թ.-ին պարտվել է օսմանյան թուրքերից, որից հետո Համշենի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Համշենում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Սուրբ Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դարի վերջին Համշեն է այցելել Հեթում պատմիչը, 1406 թ.-ին՝ իսպանացի դիվանագետ Կլավիխոն։

Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկական տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ։