Լսելով մոր հարազատ ձայնը՝ կոմայի մեջ գտնվող զինվորն արտասվել է

Խոսքը ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանի մասին է, ով մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և հիվանդանոցում, գիտակցության չգալով, դասվել անմահների շարքին։

Տիգրանը ծնվել է 2000 թվականին Վարդենիկ գյուղում։ Եղել է ակտիվ ու սիրված երեխա, իսկ երբ անցում է կատարել դեռահասության տարիքից՝ մեծ ոգևորությամբ է սկսել սպասել բանակ գնալու օրվան։

Տիգրանը ծառայություն անցկացնում էր Մեղրիում, սակայն հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ տեղափոխվել է Ջաբրայիլ, որտեղ օրեր շարունակ պայքար է մղել՝ պաշտպանելով հայրենի հողը։

Հոկտեմբերի 10-ին ոտքից վիրավորում ստանալով՝ չի դադարեցրել մասնակցությունը ռազմական գործողություններին, այլ անգամ հոսպիտալ է տեղափոխել վիրավոր զինծառայողներին ու վերադարձել մարտի դաշտ։ Նույն օրը Տիգրանը ստացել է մահացու վիրավորում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հայտնվում է կոմայի մեջ և 4 օր շարունակ պայքարում կյանքի համար։ Ի վերջո մահանում է՝ գիտակցության չգալով։

Ընտանիքը, երբ իմանում է այս լուրը, շտապում է հիվանդանոց, որտեղ մայրը տեսակցում է Տիգրանին։ Գտնվելով կոմայի մեջ, պարզվում է, Տիգրանը լսում ու հասկանում է։ Լսելով մոր ձայնը՝ տղան արտասվում է։

Մայրն ասում է՝ վիշտը միայն փարատվում է նրանով, որ որդին մի վերջին անգամ լսել է իր ձայնը։