Այս հայը հարկադրված ընդհատեց ուսումնառությունը և զբաղվեց կոշկակարությամբ․ ճանաչենք արվեստի վաստակավոր գործչին
Խոսքն արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Ղազարյանի մասին է, ով ծնվել է 1883 թվականի մայիսի 5-ին Շուշիում։
Հայրը՝ Ավագը, երգ-երաժշտության ուսուցիչ էր Շուշվա թեմական դպրոցում։ Մայրը՝ Մանուշակը, ուներ լավ ձայն և հարմոն էր նվագում։ Երաժշտությունը սիրված էր և միշտ հնչում էր Ղազարյանների տանը։ Ուշագրավ է այն փաստը, որ Ղազարյանների բազմանդամ ընտանիքում երգում և նվագում էին բոլորը, բայց ամենավառ ձևով երաժշտական ունակությունները արտահայտվում էին փոքրիկ Դանիելի մոտ։ Փոքր հասակից նա հետաքրքրվում էր երաժշտական գործիքներով։ 7 տարեկանում արդեն նվագում էր սրինգ, ավելի ուշ ջութակ և թառ։
Շուտով երաժշտության սիրահար Ավագը, տեսնելով որդու հրաշալի ձայնն ու երաժշտական ձիրքը, որոշում է, որ որդին պիտի քահանա դառնա։ 7 տարեկանում Դանիելը ընդունվում է Շուշիի թեմական դպրոց, որտեղ երգ-երաժշտության դասավանդումը գտնվում էր բարձր մակարդակի վրա, իսկ դպրոցի երգեցիկ խումբը հաճախ էր համերգներով հանդես գալիս` կատարելով ժողովրդական և հայրենասիրական երգեր։ Թեմական դպրոցում Դանիելը սովորում է կրոն, հոգևոր երգեր և շարականներ։

Դպրոցական տարիներին Դանիելը ակտիվորեն մասնակցում է Ստեփան Դեմուրյանի կազմակերպած քառաձայն երգեցիկ խմբին, որը տոն օրերին երգում էր ճարտարապետական նշանավոր կոթողի՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում, իսկ սովորական կիրակիների պատարագներին Դանիելն իր հրաշալի ձայնով կատարում էր սոլոներ և հաճախակի ելույթ ունենում դպրոցական տարբեր հանդեսներում։ Դանիել Ղազարյանը մի խումբ աշակերտների հետ, Կաղզվան, 1914 թ.Դանիել Ղազարյանի կողմից Բաթումի երաժշտական ստուդիայի կազմավորում, 1922թ.։
Շուտով Դանիելը հարկադրված ընդհատում է ուսումնառությունը և բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով զբաղվում կոշկակարությամբ` օգնելով հորն ու ավագ եղբորը։ Շուրջ վեց տարի տևած արհեստավորի գործունեության ընթացքում շնորհաշատ պատանին շարունակում է համագործակցել Ստեփան Դեմուրյանի հետ, երգում նրա ղեկավարած երգեցիկ խմբում, մեներգում հանդեսներին ու համերգներին։
1907 թվականին հեռանում է Շուշիից և երաժշտական կրթություն ստանալու նպատակով մեկնում Բաքու։ Ընդունվում է Բաքվի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, զուգահեռաբար հաճախում Բաքվի բանվորական գիշերային ինստիտուտի ռուսական և օտար լեզուների ֆակուլտետները` ցուցաբերելով բարձր առաջադիմություն։
Ղազարյանն այստեղ կազմակերպում է իր անդրանիկ երգեցիկ խումբը` բաղկացած բանվորներից և ելույթներ կազմակերպում Բաքվում, Բալախանում և այլուր։ Ուսումնական տարին ավարտելուն պես Ղազարյանը վերադառնում է հայրենի Շուշի և իր ընկերների հետ մասնակցում այստեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին։ 1908-ի աշնանը նա մեկնում է Թիֆլիս, որտեղ էլ սկիզբ է առնում նրա երաժշտական բեղուն գործունեությունը։ Այստեղ նա ստանում է իր երաժշտական բարձրագույն մասնագիտական կրթությունը՝ ուսանելով կոնսերվատորիայի վոկալ բաժնում, ակտիվ համագործակցում Ռոմանոս Մելիքյանի և Ազատ Մանուկյանի հետ։ Միաժամանակ Ղազարյանը 1908 թվականից երգեցիկ խմբեր է ստեղծում Նուխում և Շուշիում, իսկ Գանձակում կազմավորում է ժողովրդական գործիքների նվագախումբ։ Մեկ տարի անց՝ Ալեքսանդրապոլում հերթական երգեցիկ խումբը կազմավորելու գործունեության ընթացքում, Դանիելը հանդիպում է Կատարինեին, որի հետ երկու տարի անց ամուսնանում է։

1911 թվականին Ղազարյանը հրավիրվում է Կաղզվան, որտեղ երգ-երաժշտության դպրոցում կազմակերպում է քառաձայն երգեցիկ խումբ, ծավալում համերգային գործունեություն։ Այնուհետև իր գործունեությունը շարունակում է Նոր Բայազետում, որտեղ նույպես կազմում է երգեցիկ խմբեր, կազմակերպում համերգներ, ինչպես նաև հիմնում տեղի առաջին լարային նվագախումբը։
Դ.Ղազարյանը իր ստեղծագործական գործունեության շրջանում մեծ թվով մանկական, դպրոցական երգերից, մանկական օպերաներից, երաժշտական պատկերներից բացի, գրել է ռոմանսների և երգերի շարք, որոնք հագեցված են ժողովրդական, գուսանական և քաղաքատիպ երգերին բնորոշ տարրերով, բայց իրեն հատուկ ստեղծագործական ոճով։ Դանիել Ղազարյանի ստեղծագործական ժառանգության մեջ մեծ թիվ են կազմում նրա մասսայական-կենցաղային երգերի շարքը, Հայրենական պատերազմի շրջանում գրված երգերը, ժողովրդական, գուսանական երգերի մշակումները, խմբերգերը։ Իր գործունեության ընթացքում կազմել է շուրջ 250 երգեցիկ խումբ և տվել ավելի քան 1000 համերգ մոտ 40 քաղաքներում։