«Բուենոս Այրեսը մեծարում է Հայաստանը». ՀԱՅԵՐԻՆ նվիրված փառատոն Արգենտինայի մայրաքաղաքում (լուսանկարներ)

Հազարավոր մարդիկ դուրս էին եկել Պալերմո թաղամասի հրապարակ, որը կոչվում է «Փոքր Հայաստան», որպեսզի մասնակցեն «Բուենոս Այրեսը մեծարում է Հայաստանը» փառատոնին։ Միջոցառումն անցկացվել է քաղաքապետարանի, ՀՀ դեսպանության և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Կեսօրից հյուրերը վայելում էին կենդանի երաժշտություն, ժողովրդական պարեր, հայկական խոհանոց, մասնակցում էին ինտերակտիվ խաղերին, շախմատային խաղերին, այցելում էին տարբեր թեմատիկ ցուցահանդեսներ, շոուներ, մասնակցում ընթերցումներին, դպրոցականների համար կազմակերպվել էր մինի ֆուտբոլի մրցաշար: Պալերմոյում հավաքվել էին ոչ միայն հայերը: Փառատոնը հետաքրքրել է ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներին։

Համերգով հանդես եկան երգիչներ Գրիգոր Միրզոյանը, Արման Գասպարյանը, հայկական ժողովրդական պարերի մի քանի խմբեր՝ Մասիս, Գայանե, Նաիրի, Նարեկացի, Նոր Արաքս, ջութակահար Աիդա Սիմոնյան և այլ արտիստներ, որոնք ջերմ արձագանք ստացան հանդիսատեսի կողմից։

Փառատոնի մթնոլորտը, ջերմությունը, ուրախությունն ու զվարճանքը շատ լավ արտահայտվում են մասնակիցների և հյուրերի լուսանկարներում: Միջոցառումը իրականացվել էր 2017 թվականին: Այն «Buenos Aires Celebra» ծրագրի մի մասն էր, որն ուղղված էր Արգենտինայում բնակվող համայնքների մեծարմանը և միջմշակութային կապերի զարգացմանը: