Զոհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը ստանալուց օրեր անց․ հերոս Դավիթը տասնյակ տանկեր է խոցել

2020 թվականի հոկտեմբերի 4-ն էր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ութերորդ օրը, երբ չէր դադարում ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանի տանը հյուրերի հոսքը։ Սարդարապատցի Դավիթը «Արցախի Հերոս» բարձրագույն կոչման էր արժանացել՝ խոցելով թշնամու 15 տանկ և մեկ ՀՄՄ, լուրը տուն էր հասել, գալիս էին շնորհավորելու, լուսաբանելու։

Դավիթ Գրիգորյանը ծառայում էր Հադրութում՝ հակատանկային մարտկոցում՝ մինչ այդ ծառայելով Գյումրու ուսումնական զորամասում։

davit-grigoryan

Կոչումը ստանալու օրը միայն ընտանիքն իմացավ, որ Դավիթը դիրքերում է, սակայն նա այնտեղ՝ առաջնագծում էր դեռ պատերազմի սկսվելուց երկու օր առաջ։

ՀՊՏՀ ուսանողի սիրելի զբաղմունքը շախմատն էր։ Իսկ պատերազմի օրերին, երբ տուն էր զանգում, ոչ թե կատարած հերոսություններից էր պատմու, այլ հերոսաբար լռում էր այդ մասին ու հարցնում՝ ընտանիքն ինչպե՞ս է։

Հերոսի հետ վերջին անգամ խոսեցին նոյեմբերի 1-ին։ Նա ասաց, որ հնարավոր է՝ մի քանի օր չզանգի, քանի որ հատուկ առաջադրանքով մեկնում էր։

Երբ նոյեմբերի 3-ին մայրը զանգահարել է որդու հեռախոսին, մեկ ուրիշն է պատասխանել՝ ասելով, որ գտել է հեռախոսը։ Մայրն ամեն բան հասկացել է այդ մեկ խոսքից։

Դավիթ Գրիգորյանը զոհվել է նոյեմբերի 2-ին՝ մարտական ընկերների հետ՝ ԱԹՍ հարվածից։

Նրան հուղարկավորեցին միայն նոյեմբերի 26-ին, քանի որ հերոսի մարմինը մնացել էր թշնամուն անցած տարածքում։ Այժմ նրա ծոցագրպանից հանած զինվորական գրքույկը պահվում է այն կոնյակի կողքին, որը պետք է բացվեր նրա վերադարձին։