Հերոսի վերջին խոսքերն էին. «Գունդ, առա՜ջ»
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հերոս Ալեքսանդր Թազագուլյանը ծնվել է 1950 թվականին Վրաստանի Ախմետա քաղաքում:
1966 թվականին ընդունվել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ «Տեխնիկական կիբեռնետիկայի» ֆակուլտետ: Բայց երկու տարի անց, 1968 թվականին ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարան, որն ավարտելուց հետո անցնել է ծառայության՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1988 թվականին տեղափոխվել և ծառայությունը շարունակել է Հայաստանում:
1992թ. փետրվարի 2-ին նշանակվել է Հայոց բանակի առաջին չորս զորամասերից մեկի հրամանատար և մեծ ավանդ ունեցել այդ զորամասի ստեղծման և կայացման դործում:

Եղել է գնդապետ և 1993 թվականի մարտ-ապրիլին իր հրամանատարությամբ գործող զորամասով մասնակցել է Քելբաջարի (այժմ Քարվաճառ) ազատագրմանը:
Մեկ տարի անց, 1994 թվականի ապրիլի 24-ին, արդեն որպես այլ զորամասի հրամանատար, կրկին ստացել է հրաման՝ մարտական խնդիր կատարելու Քելբաջարի տարածքում, որի իրականացման ժամանակ մահացել է սրտի կաթվածից:

Հերոսի վերջին խոսքերն էին. «Գունդ, առա՜ջ», նա 44 տարեկան էր:
Ալեքսանդր Թազագուլյանը պարգևատրվել է Խորհրդային Միության բազմաթիվ մեդալներով, իսկ հետմահու՝ ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանով:Այսպիսինն էր հայրենանվեր զինվորի ու հերոսի կյանքը, մինչև վերջին շունչը նա մտածում էր հայրենիքի մասին և պատրասր էր միշտ առաջ շարժվել հանուն իր հողի ու ընկերների։