Ի՞նչ է արել 44-օրյա պատերազմի հերոսը հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար

Նա վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 9-ի երեկոյան։ Հաջորդ օրը հայտարարվեց հրադադար, որն այդպես էլ չգործեց… Եվ նա այլևս չզանգեց։ Հավերժ հերոս դառնալու լուրը ընտանիքին հասավ հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան։ Իր ինը ընկերների հետ զոհվեց հրադադարի օրը անօդաչուի հարվածից։ Մի քանի օր անց նրա ծնողներին հաջողվեց ձեռք բերել հերոսի անձնական իրերը, նաև նոթատետրը, որտեղ գրառումներ էր արել պատերազմի, իր ապրումների ու զգացածի մասին։ Ծնողների նվիրական նպատակն է՝ հավաքել Շանթի բոլոր գրառումները և հրատարակել։ Այո, Շանթի, Շանթ Նավոյանի, ով սովորում էր Ֆրանսիական համալսարանում ու ուներ անչափ սուր, բայց համով հումոր։ Խելացի, ազատատենչ, արվեստը գնահատող ու ինքնատիպ նկարագրող երիտասարդը 2020թ. հունվարի 8-ին զորակոչվեց ծառայության։ Վիճակահանությունից պարզ դարձավ, որ պիտի ծառայի Կապանում, սակայն Կապանի գունդը տարին երկու անգամ ուսումնական հավաքներ էր անցկացնում Մեխակավանում (Ջաբրայիլում)։ Շանթը, ով ամիսներ անց Հետմահու պիտի պարգևատրվեր Մարտական ծառայության մեդալով, սեպտեմբերին մեկնեց այնտեղ…

Ձեզ ենք ներկայացնում Շանթի պատերազմի օրերի գրառումներից հատվածներ։

Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ու որով մեզ ապահով էինք զգում։ Ամեն անգամ թաքստոց նետվելուց աղոթում էի ողջ դուրս գալու համար։ Քնելուց աղոթում, որ իմ ուղղությամբ էկող արկերը շեղվեն ճանապարհից։ Մեր օրերը անցնում էին դանդաղ, չգիտեին ժամ ու ամսաթիվ, եթե հաց կերել էինք ուրեմն օրը հաջողված էր։ Էս գիշերը անցավ համեմատ հանգիստ, լուսացրինք քնած, քիչ թե շատ հիգիենա արեցինք, մեզ կարգի բերեցինք ու նստեցինք հաց ուտելու։ Պրծնելու վրա էինք, դիմացի սարի լանջին, մեր տանկերի վրա 2 պակետ գռադ թափվեց։ Աղմուկը դադարեց, երեևում էր մենակ խիտ սև ծուխ դեպի երկինք բարձրացող, անցավ մի քանի րոպե ու հետո սարի գլխին սկսեցին երևալ մարդիկ, դեպի մեր կողմ վազող, դիրքավորվեցինք զենքերով, մագազինները լիցքավորեցինք ու շունչներս պահած սպասեցինք կրակելու։ Խրամատում խուճապը դադարեց,  երբ մեր կողմ քայլող զորքից սկսեցին լսվել հայերեն բղավոցներ, մեր տանկիստներն էին, իրենց կամավորների հետ, որ կիսավիրավոր նահանջում էին՝ ամբողջ տեխնիկան կորցրած։ Գնացինք ընդառաջ ու օգնեցինք հասնել մեր դիրքեր, տղերքը ասացին, որ ահագին տարածք ենք կորցրել, որ թուրքը մոտակայքում է։

Կապով էլի լռություն էր։ Հերոս տղերքը նստեցին հանգստյան վիրակապվեցին ու հելան ճամփան շարունակելու։ Տղերքից մի բուռ փամփուշտ վերցրի մեր հաշվարկով, նստեցինք թաքստոցում, փորձում էինք անցյալի լավ հիշողություններով ու ապագայի ճոխ պլաններով կիսվել իրար հետ, բայց ամեն մեզ կպած արկի պայթյունի հետ, գլխներիս թափվող հողից հետ էինք գալիս տիրող իրականություն ու մտածու, որ ապրում ենք մեր վերջին րոպեները։

Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք՝ հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…