Ինչպե՞ս հայը դարձավ Հոլիվուդի «ամենահայտնի ռուսն» ու արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի

Սա պատմություն է այն հայի մասին, ով ենադրաբար ծնվել է կա՛մ Թիֆլիսում, կա՛մ Բաքվում։ Նա երկար ճանապարհ է անցել Մոսկվայից դեպի Ամերիկա։Նրան անվանում էին «Հոլիվուդի ամենահայտնի ռուսը»։

Ճանապարհը հեշտ չէր, ոչ բոլորին է հաջողվում կրկնել Թամիրովի ճակատագիրը՝ ավելի քան 100 դեր, «Օսկարի» երկու անվանակարգ, «Ոսկե գլոբուս» մրցանակ։

«Թամիրովը հեռուստատեսային վեցերորդ զգայարան ունի, որն օգնում է նրան հասկանալ՝ ինչ է ուզում ռեժիսորը»: Այսպես է ասել նրա մասին օսկարակիր ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սեսիլ Դեմիլը։

Հովակիմ Թամիրյանը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին ունևոր հայերի ընտանիքում։ 19 տարեկանում գնացել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Ստանիսլավսկու Գեղարվեստական թատրոնի ստուդիա։

ԱՄՆ-ում նա հայտնվել է 20-ականներին՝ թատրոնի հյուրախաղերի ժամանակ և ի վերջո որոշել է մնալ Նահանգներում։ Առաջին տարիներին Թամիրովը խաղացել է հայտնի թատերախմբում, իսկ հետո որոշել է զբաղվել բիզնեսով և Նյու Յորքում բացել է բեմական դիմահարդարման ակադեմիա, որի աշակերտների թվում է եղել երիտասարդ Քեթրին Հեփբերնը՝ Հոլիվուդի ապագա աստղը։

Մեծ ճգնաժամի տարիներին ակադեմիան սնանկացել է և Ակիմը ստիպված է եղել որոշ ժամանակ տաքսու վարորդ աշխատել։ Հենց այդ ժամանակ նրա կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, ամեն ինչ արել է, որ նա սկսի ակտիվորեն անգլերեն ուսումնասիրել և չկորցնի կապերը կինեմատոգրաֆիայի հետ։ Այդ շրջանը ինքը` դերասանն անվանում էր «կյանքի ամենադժվարը շրջանը»։

Այն ժամանակ ձայնային կինոն պահանջում էր «ունիվերսալ օտարերկրացի», այդ պատճառով հոլիվուդյան ռեժիսորները ֆիքսեցին Թամիրովի ակցենտը։ 1934 թվականին ամերիկահայը նկարահանվեց 13 ֆիլմում, իսկ հաջորդ տարի՝ 15:

«Հոլիվուդում բոլորն ասում են, որ իմ ակցենտը միլիոն արժե։ Իհարկե, ես պետք է շնորհակալ լինեմ այս ծիծաղելի արտասանությանը, բայց որ իմանայիք՝ որքան ուժ ու միջոցներ եմ ծախսել դրանից ազատվելու համար», – խոստովանել է դերասանը։