Գևորգը ընկերների հետ խոցել է տանկերի 3 շարասյուն, 20 րոպում 40 արկ արձակել. Ճանաչենք մեր Հերոսներին

«Մեր ուրախ ընտանիքը կործանվեց, ո՞նց կարա ծնողը իրա բալին դնի հողը ու լուսացնի։ Առավոտից երեկո իր անունն եմ գոռում, մղկտում, ասում՝ Գև, խնդրում եմ՝ գոնե երազիս արի»,- արցունքների միջից ասում է 45-ամյա Լաուրա Մոսինյանը, որը որդուն կորցրել է պատերազմի ժամանակ։

Լաուրան ընտանիքով տարիներ առաջ Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվել, սակայն որդին՝ Գևորգ Քառյանը, որոշել էր, որ վերադառնալու է և հայրենիքում ծառայի։

mayry

«Ինքը շատ էր սիրում հայրենիքը, ասեց՝ պատռե՛ք դակումենտներս, ես Ռուսաստանում չեմ մնա, ես պետք ա լինեմ իմ հողում, իմ ընկերների կողքին։ Ես պիտի իմ հայրենիքին իմ պարտքը տամ, ինչպես ցանկացած տղամարդ։ Անունով էր 18 տարեկան, բայց կայացած, ամուր կանգնած իրա ոտքերին, ձիգ տղամարդ»,- հուզմունքով պատմում է Գևորգի մայրը։

Պատերազմի ժամանակ Գևորգը եղել է առաջնագծում, թեժ կետերում պայքար մղել հակառակորդի դեմ, սակայն ծնողներին ասել է՝ որ շատ հեռու է մարտի դաշտից, որ իր համար չանհանգստանան։

Մայրն ասում է՝ ամբողջ օրերը տագնապով լուրերին էին հետևում, ամուսինը չէր կարողանում աշխատանքի գնալ, աղջիկը՝ դասի, սակայն տղան զանգում ու ասում էր՝ լուրերին մի՛ հավատացեք, ամեն ինչ նորմալ է: 

Գևորգ Քառյանը ջոկատի տղաների հետ միասին մեծ հարվածներ է հասցրել հակառակորդին, խոցել է տանկերի 3 շարասյուն, 20 րոպում 40 արկ արձակել։

Մայրն ասում է՝ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին։ Պատմում է՝ որդուն բանակ ուղարկելուց հետո չէր տեսել, կորոնավիրուսով պայմանավորված՝ արձակուրդ էլ չէին տրամադրել, և կարոտը խեղդում էր։ 

Լացակումած հոկտեմբերի 8-ին խոսել է որդու հետ․ «Ասեցի՝ կարոտից խելագարվում եմ, ամուսինս ասեց՝ էլ չեմ կարում մամայիդ պահեմ, պիտի ուղարկեմ: Գևս ջղայնացած ասեց՝ տնաշեննե՛ր, ձեր նվնվոցին մտիկ արեք, հերոս տղա ունեք, ուրախացեք, ի՞նչ եք նվնվում։

Ասեցի՝ Գև՛, մաման քեզ շատ ա սիրում, ինքն էդ բառից կանգ առավ, ասեց՝ ցավդ տանեմ, ես էլ՝ քեզ… էդ ա եղել մեր վերջին զրույցը»,- Լաուրան արտասվելով վերհիշում է որդու հետ վերջին զրույցը։

khachqar

Քառյանները հոկտեմբերի 8-ից հետո այլևս որդուց զանգ չեն ստանում, Լաուրան ասում է՝ սկսել էր կանխազգալ, որ ինչ-որ բան է կատարվելու։ Եկեղեցի էր գնում, աղոթում, անընդհատ հեռախոսին հետևում ու սպասում որդու զանգին։ 

Գևորգը պարտաճանաչ էր, բարի, հումորով, որտեղ լիներ՝ խինդ ու ծիծաղը կար, շատ ուշադիր ու հոգատար էր՝ այսպես է մայրը նկարագրում որդուն։

Գևորը շատ սիրում էր սպորտը, փոքր հասակից ըմբշամարտի էր գնացել, Ռուսաստանում ավտոդիագնոստիկա էր սովորել, այնուհետև կիսատ թողել ու քրոջ հետ պլաններ կազմել, որ միասին ատամնաբույժ են դառնալու ու իրենց կլինիկան բացեն։

Գևորգի զոհվելուց հետո Լաուրան ասում է՝ իրենց ընտանիքի բոլոր նպատակներն ու պլանները անկատար մնացին։

Կապանի զորամասում Գևորգի և զինակից ընկերների անունով հունվարի 28-ին տեղադրվել է խաչքար։