Այս աշխարհահռչակ ՀԱՅԸ գիտի՝ ինչ են ուզում ՄԱԴՈՆՆԱՆ, COCA COLA-ն, TOYOTA-ն

Նրան վստահվել է այնպիսի ապրանքանիշերի գովազդային նկարահանումներ, ինչպիսիք են` Coca Cola-ն, Peugeot-ն, Volkswagen-ը, Bailey’s-ը, Toyota-ն: Նա լուսանկարել է Vanity Fair, Vogue, W, Harper Bazaar, People և այլ հայտնի պարբերականների համար, աշխատել մի շարք մեգաաստղերի՝ Մադոննայի,Գվինեթ Փելթրոուի, Սելենա Գոմեսի, Ջենիֆեր Էնիսթոնի, Նատալի Փորթմանի և այլոց հետ:

  • Ալեք Քեշիշյան

Ամերիկահայ հաջողակ կինոռեժիսորի մասին խոսում է համաշխարհային մեդիան: Հայ կինոռեժիսորը ծնվել է 1964 թվականին՝ Բեյրութում, Գևորգ և Սեսիլ Քեշիշյանների ընտանիքում։ 1968 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սովորել է Բոստոնի կոնսերվատորիայում, Հարվարդի, ապա Սորբոնի համալսարաններում։ Ապագա կինոռեժիսորը  12 տարեկանից հանդես է եկել Բոստոնի Լիրիկական օպերայի թատրոնում, իսկ թատրոնից բացի, նկարահանել ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ:

Ալեք Քեշիշյանի պրոֆեսիոնալ կարիերան սկսվեց անմիջապես քոլեջից հետո, երբ նա տեղափոխվեց Հոլիվուդ: Նա նկարահանում էր երաժշտական տեսահոլովակներ, որոնք հետագայում արժանացան տարբեր մրցանակների: Երիտասարդ ռեժիսորը երևի չէր էլ պատկերացնի, որ 24 տարեկանում կնկարահաներ դոկումենտալ ֆիլմ, այն էլ Մադոննայի մասին: Ի դեպ, առաջարկը հենց երգչուհու կողմից էր: 1991 թվականին նկարահանվեց «Ճշմարտություն կամ համարձակություն. Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում» դոկումենտալ ֆիլմը, որը ռեժիսորին մեծ ճանաչում բերեց և դարձավ ժամանակի ամենավաճառվող վավերագրական ֆիլմը:

«Ես շատ երիտասարդ տարիքից եմ սկսել ֆիլմ նկարահանել: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է ֆիլմը «կլանում» քեզ իր մեջ: Երկու ժամվա ընթացքում ես կարող եմ կորցնել ինքս ինձ ուրիշների կյանքում և աշխարհներում: Ի տարբերություն վեպի, որտեղ այդ աշխարհը գոյություն ունի միայն բառերով, կամ թատրոնի, որտեղ աշխարհը կրկնվում է և ներկայացված է բեմում, ֆիլմն ունի անմիջականություն և իրականություն, որն ավելի հզոր է թվում: Անկախ նրանից՝ ես գտնում եմ ինձ Բերտոլուչչիի հետպատերազմյան Իտալիայում, թե Վուդի Ալենի սև սպիտակ Նյու Յորքում, ես ամբողջապես կարողանում եմ «տրանսֆորմացվել»:

29 տարեկանում ռեժիսորը, հստակ իմանալով, թե ինչ է ուզում, երկու շաբաթով մեկնում է արձակուրդ՝ Լոնդոն, և այնտեղ մնում տասը տարի: Վերադառնալով Հոլիվուդ՝ կենտրոնանում է լուսանկարչության և գովազդային հոլովակներ նկարահանելու վրա, և հենց այդ ժամանակ էլ համագործակցում՝  Coca Cola, Peugeot, Volkswagen, Max Factor և մի շարք համաշխարհային բրենդների հետ:  Ալեք Քեշիշյանի խոսքերով

«Ֆիլմն ամուսնություն է, իսկ գովազդը՝ ժամադրություն»

Հայազգի ռեժիսորի կոմերցիոն աշխատանքներն ու հատուկ նախագծերը համաշխարհային արտիստների հետ շարունակվում է մինչ օրս:  Ռեժիսորի վերջին համագործակցություններից է Սելենա Գոմեսի «Hands To Myself» տեսահոլովակը, որի նկարահանման ընթացքին մասնակցել է նաև ռեժիսորի քույրը՝ պրոդյուսեր Ալին Քեշիշյանը, որը նույնպես մեծ գործ է արել ամերիկյան կիոնաշխարհում: