ՀԵՐՈՍ, ով իր կրծքով փակեց թշնամու գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը. ՃԱՆԱՉԵՆՔ մեր հերոսներին

Հունան Ավետիսյանը Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ կրծքով փակել է թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Այդ սխրագործության համար նրան հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Հունանը ծնվել է 1914 թվականին Ծավ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Սովորել է նախ` ծննդավայրի, ապա՝ հարևան Շիկահող գյուղի դպրոցներում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության և Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին: Եղել է ավագ սերժանտ, հրաձգային դասակի հրամանատար: 

1943 թ-ի սեպտեմբերի 16-ին Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները ոչնչացնելուն մասնակցել է նաև Հունանի դասակը: Առաջադրանքը կատարելիս վիրավոր Հ. Ավետիսյանն իր մարտիկներով առաջինն է բարձրացել լեռը, կրծքով փակել հակառակորդի գնդացրի հրակնատը և ապահովել գրոհի հաջողությունը: Հ. Ավետիսյանի մարմինն ամփոփված է Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում:

Պատկեր:ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ1.JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նրա անունն ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Ավետիսյանի հիշատակին կանգնեցվել են հուշարձաններ Երևանում (ապամոնտաժվել է 1994 թ-ին), Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում: Նրա անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ: